Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում ԵՓՎ-ում. Բուհերում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

Տարվա ամփոփում ԵՓՎ-ում. Բուհերում ստեղծվել են փրկարարական կազմավորումներ

133
Տարածել

Երեւան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է նախորդ տարին։

2022 թվականին գրանցվել է Երեւանում 11426 արտակարգ դեպք (2021-ին՝ 10824), որոնց հետեւանքով զոհվել է 199, մարմնական վնասվածք ստացել 2775 մարդ։ Տեխնածին դեպքերից 2066-ը եղել է հրդեհ (2021-ին՝ 2848), զոհվել է 22, վիրավորվել 77 մարդ։ 1002 ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է 27, տուժել 1223 մարդ։ Վարչությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել օգոստոսի 14-ին Սուրմալու առեւտրի կենտրոնում առաջացած հրդեհի եւ պայթյունի հետեւանքների վերացման աշխատանքներին։ Աղետի գոտում աշխատել է ԵՓՎ 396 փրկարար ծառայող։

Տարվա ընթացքում անցկացվել են 8 շտաբային, 11 օբյեկտային, 152 հատուկ տակտիկական, 1 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ 17 ուսումնական հաստատությունում փրկարարները կարդացել են դասախոսություն ՔՊ միջազգային օրվա, 9 ուսումնական հաստատությունում՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ։

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված «Աղետներին դիմակայության օր» խորագրով միջոցառման շրջանակում 14 կազմակերպությունում անցկացվել է «Վարքի կանոնները երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինար, 1 կազմակերպությունում՝ գործնական պարապմունք «Անձնակազմի գործողությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով։

Ազդարարման, տարհանման եւ պատսպարման հարցերի վերաբերյալ բնակչությունն իրազեկելու նպատակով իրականացվել են 58 պլանային եւ 125 արտապլանային ուսումնավարժություն, 92 դասախոսություն եւ դասընթաց։ 401 արտապլանային ուսումնավարժություն է կազմակերպվել նաեւ բնակչության պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ։

Ուսումնավարժությունների ընթացքում նախորդ տարի մեծ ուշադրություն է դարձվել «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» N 1325 բանաձեւի շրջանակում նախատեսվող միջոցառումներին։ Ընդհանուր առմամբ՝ տարվա ընթացքում անցկացված 163 ուսումնավարժությանը ներգրավվել է 2408 կին։

Երեւան քաղաքի 24 բարձրագույն ուսումնական հաստատությունից 13-ում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ՝ ընդհանուր 92 ուսանողի մասնակցությամբ։ Նոր ստեղծված կազմավորումների հետ անցկացվել են գործնական եւ տեսական դասընթացներ։

ԵՓՎ ստորաբաժանումներում արտադրական պրակտիկա են անցել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 266 ուսանող (2021-ին՝ 146)։

Բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ուղղություններով ՔՊ ծառայությունների պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով եռամսյակը մեկ անցկացվել են պարապմունքներ ՔՊ ծառայությունների պետերի հետ։

Մեթոդական օգնություն է ցուցաբերվել ուսումնական հաստատությունների, բժշկական հիմնարկների՝ ԱՌԿ պլանների մշակման ուղղությամբ։ 8 խոշոր առեւտրի կենտրոնի ներկայացվել է համապատասխան գրություն՝ աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակելու նպատակով։

Պարբերաբար իրականացվել է էլեկտրաշչակների գործարկում, նոր շչակներ տեղադրելու եւ տեղաբաշխելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ։

Մաքրվել է Երեւանում գտնվող 6 ապաստարան։ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մաքրվել են 81 մանկապարտեզի, 97 դպրոցի եւ 831 բազմաբնակարան շենքի նկուղ։

Կանխարգելիչ միջոցառումներից կատարվել է ճանապարհի, առվի մաքրում, թափված քարերի եւ տիղմի հեռացում՝ Հրազդանի կիրճում, քարաթափման տեղամասերի ցանցապատում՝ Կորեայի ձորում, Հրազդանի կիրճում, Թբիլիսյան խճուղիում ու Մյասնիկյան փողոցում, Ջրվեժ, Գետառ եւ Ողջաբերդ գետերի հուների մաքրում՝ Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում, հենապատի վերանորոգում՝ 26 տեղամասում եւ այլն։

Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ 2022-ին վերանորոգվել է 94 հրշեջ հիդրանտ (2021-ին տեղադրվել է 10 եւ վերանորոգվել 38 հիդրանտ), 98 հրշեջ հիդրանտի վերանորոգման վերաբերյալ մշակվում է նախահաշվարկ։

Ընթացիկ տարում նախատեսվում է աշխատանքներ տանել հրշեջ հիդրանտների վերանորոգման կամ նորով փոխարինելու, ազգաբնակչությանն ուսումնավարժություններին ներգրավելու ուղղությամբ եւ այլն։

Հրապարակման պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ