Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Մովսես գյուղի միջնակարգ դպրոց

ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Մովսես գյուղի միջնակարգ դպրոց

2147
Տարածել

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) 2021 թվականի մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»։

Աղետների ռիսկի նվազեցման կարողությունները կատարելագործելու եւ համայնքային խնդիրները վերհանելու համար առաջին բաղադրիչի երրորդ փուլում 36 դպրոց ներկայացրել էր նախագծային աշխատանք։ Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց, դրանց թվում՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսեսգյուղի միջնակարգ դպրոցը, իր «Մովսեսգյուղի առաջնային առողջության պահպանման կենտրոնում անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը» թեմայով աշխատանքի համար։
Առողջության առաջնային պահպանման կենտրոնում ժամանակակից լաբորատոր սարքավորումներ չունենալու պատճառով գյուղի բնակչությունը ստիպված է լինում հետազոտություններ անցնելու համար հակառակորդի կողմից թիրախավորված ճանապարհով հասնել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն։ Կենտրոնն այլ կենսական նշանակություն ունի պատերազմական իրավիճակում վիրավոր զինծառայողներին առաջինը ընդունելու եւ օգնություն ցուցաբերելու առումով։
3 դպրոցականից բաղկացած ԱՌՆ խումբը՝ փոխտնօրեն Նունե Առաքելյանի գլխավորությամբ, բարձրաձայնել է խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպման շրջանակում։ Բնակչության շրջանում հարցումները ցույց են տվել, որ բիոքիմիական անալիզատորի առկայությունը բուժսպասարկումն ավելի արդյունավետ կդարձնի։
Նախագիծը ներկայացնելուց հետո անցել է մեկ տարի, սակայն, դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի խոսքով, ոչ մի առաջընթաց չկա։ Բիոքիմիական անալիզատորը թանկ հաճույք է, իսկ դրամաշնորհ հնարավոր է հայթայթել միայն փոքր նախագծերի համար։ Մի բան, այդուհանդերձ, փոխվել է․ եթե նախկինում, օրինակ, վահանաձեւ գեղձի անալիզ տալու համար մովսեսգյուղցին հասնում էր Երեւան, այսօր այդ խնդիրը լուծում է 18 կմ հեռավորության վրա գտնվող Բերդի բուժկենտրոնը։
ԱՌՆ խմբի անդամներն այս տարի ավարտում են դպրոցը։ Երկուսը բուհ են ընդունվելու, մեկը զորակոչվելու է հայոց բանակ։
Վերջին տարիներին դպրոցում մեծ փոփոխություններ են եղել։ Պետական աջակցությամբ տեղադրվել են եվրոպատուհաններ ու ջեռուցման համակարգ, սալիկապատվել է դասարանների մեծ մասը։ Պետբյուջեի, տարբեր միջազգային կազմակերպությունների եւ գյուղի բարերարների միջոցով բացվել են չորս մասնագիտացված լաբորատորիա ու կահավորված համակարգչային սենյակ, վերանորոգվել են տեխնոլոգիայի դասասենյակն ու հրաձգարանը, Բյուրականի աստղադիտարանից ձեռք է բերվել աստղադիտակ։ Գրադարանում ու ճաշարանում տեղադրվել է նոր գույք։ 2019 թվականին դրամաշնորհային ծրագրի շրջանակում ապաստարանի ելքային դռան դիմաց կառուցվել է պաշտպանիչ պատ։ Ապաստարանը մաքրվել է դպրոցի անձնակազմի ուժերով, իսկ Հայկական կարմիր խաչի ընկերությունը նվիրաբերել է գույք ու գեներատոր։
Չնայած պարբերաբար կատարվող փոփոխություններին՝ աշակերտների թիվը մտահոգիչ է։ Ռուզաննա Ադամյանը ցավով նշում է՝ նախկինում 1200-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցն այսօր 125 սան ունի։
«Դպրոցն ուղիղ դիրքերին է նայում։ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղում լուրջ վնասներ եղան, սակայն դպրոցը շատ չտուժեց։ Որպես տնօրեն՝ քաղաքացիական պաշտպանության իմացությունը շատ եմ կարեւորում։ Պաշտպանության նախարարությունից ձեռք ենք բերել «Մենամարտ» վարժասարք․ այն էլեկտրոնային գրատախտակ է, որի վրա երեխաները սովորում են նշանառություն պահել։ Տարեկան պլանով տարբեր վարժանքներ ենք ունենում՝ հրդեհի, տարերային աղետների, պատերազմական իրավիճակի հետ կապված։ Բոլոր սենյակներում փակցրել ենք տարհանման վերաբերյալ գծապատկերներ, դպրոցում ակտիվ գործում են փրկարարական, առաջին օգնության եւ մյուս խմբավորումները, որոնք պարբերաբար անցնում են ուսուցում»,-ամփոփում է Ռուզաննա Ադամյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Հ.Գ. Մրցանակ ստացած մյուս դպրոցները.

Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց

Ամասիայի միջնակարգ դպրոց

Թումանյանի միջնակարգ դպրոց

Կաճաճկուտի հիմնական դպրոց