Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Թումանյանի միջնակարգ դպրոց

ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Թումանյանի միջնակարգ դպրոց

1849
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) 2021 թվականի մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»։

Աղետների ռիսկի նվազեցման կարողությունները կատարելագործելու եւ համայնքային խնդիրները վերհանելու համար առաջին բաղադրիչի երրորդ փուլում 36 դպրոց ներկայացրել էր նախագծային աշխատանք։ Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց, դրանց թվում՝ Թումանյանի միջնակարգ դպրոցը՝ «Թումանյան քաղաքի 1-ին եւ 2-րդ թաղամասերն իրար կապող հատվածում առկա սելավատարի անմխիթար վիճակը» թեմայով աշխատանքի համար։
Թումանյան համայնքը սելավավտանգ տարածքում է, սելավատարում բուսականություն է աճել ու համայնքի բնակիչները անընդատ աղբ են լցնում սելավատարի մեջ: Սելավների առաջացումն այս տարածքում պայմանավորված է լանջերի թեքությամբ, մերկացմամբ եւ հողմնահարվածությամբ։ Առատ տեղումների եւ ձնհալի պատճառով սելավային հոսքերը ողողում են ներհամայնքային ճանապարհները, ցանքատարածքները, լցվում տնամերձ այգիներ։ Առանձնակի ուշադրության կարիք ունի սելավատարի այն հատվածը, որն իրար է կապում առաջին եւ երկրորդ թաղամասերը։
«Թումանյան քաղաքի 1-ին եւ 2-րդ թաղամասերն իրար կապող հատվածում առկա սելավատարի անմխիթար վիճակը» նախագծի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված է եղել 9 աշակերտ` ուսուցիչներ Սեդա Ղեւոնդյանի, Նունե Շահվերդյանի եւ Մերուժան Խեչոյանի գլխավորությամբ։ Խմբի անդամները զրուցել են բնակիչների հետ հետեւյալ հարցերի շուրջ՝
1. Որքանո՞վ է քաղաքը պատրաստ դիմակայելու աղետների ռիսկին։
2. Ի՞նչ անել, որ սելավատարը չվերածվի աղբանոցի։
3. Որքանո՞վ է սելավատարը ծառայում իր նպատակին։
4. Գո՞հ են արդյոք համայնքային կոմունալ ծառայութան աշխատանքից։
Բնակիչներից ոմանք առաջարկել են սելավատարի տարածքում սահմանել հերթապահություն եւ աղբ թափողների հանդեպ կիրառել տուգանքներ։ Ոմանք կարծիք են հայտնել, որ համայնքի բնակչությունը դեռ լիովին պատրաստ չէ դիմակայելու աղետներին։
Կայացել են հանդիպումներ Թումանյան համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանի եւ կոմունալ բաժնի պետ Արման Մոսինյանի հետ։ Վերջինս ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության եւ ՄԱԿ-ի հետ իրենց համագործակցությունը՝ կապված դիմակայունության գործողությունների մշակման հետ։ Նա նշել է, որ համայնքային սուղ միջոցներով հնարավոր չէ շատ բան ձեռնարկել, սակայն սելավատարի մաքրման եւ ազդարարման համակարգը սարքին պահելու հարցը երբեք չի անտեսվում։
Աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաեւ օրենսդրական ակտեր, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու պարտականություններն աղետների ռիսկի նվազեցման եւ աղբահանության կազմակերպման գործում։
Դպրոցի տնօրեն Անահիտ Ռամազյանի խոսքով՝ վերջին երկու տարում Թումանյան քաղաքի մաքրության հարցում մեծ առաջընթաց կա։ Դպրոցը պարբերաբար կազմակերպում է տարբեր հատվածների, այդ թվում՝ սելավատարի մաքրման աշխատանքներ։ Կոմունալ ծառայությունն աղբահանություն կատարում է շաբաթական երկու օր։ Քանի որ դպրոցը սելավատարին հարակից է, բակը հարմարեցվել է տեխնիկայի ազատ տեղաշարժի համար։
Նախագիծը ներկայացրած աշակերտներն արդեն բարձրդասարանցիներ են, այլ նպատակներ ունեն։ Նրանց փոխարինելու կարիք կա, հետեւաբար Գուգարք ճամբարում կազմակերպվող հանգստին զուգահեռ անցկացվում են բնապահպանական եւ արտակարգ իրավիճակներին վերաբերող դասընթացներ։
Հունիսի սկզբին դպրոցում կբացվի էկոսենյակ՝ անհրաժեշտ գույքով։ Ֆինանսավորել է «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունը։
Տնօրենը գոհունակություն հայտնեց հատկապես փրկարարների աշխատանքից։ Համագործակցությունը բազմակողմանի է․ փրկարարները դասախոսություններ են կարդում, մասնագիտական խորհրդատվություն տալիս տարբեր ծրագրեր մշակելիս։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Թումանյանի միջնակարգ դպրոցը
Հ.Գ. «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» ծրագրի հաղթած այլ դպրոցներ.

Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց

Ամասիայի միջնակարգ դպրոց