Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում. Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց

ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում. Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց

1655
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) 2021 թվականի մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»։

Աղետների ռիսկի նվազեցման կարողությունները կատարելագործելու եւ համայնքային խնդիրները վերհանելու համար առաջին բաղադրիչի երրորդ փուլում 36 դպրոց ներկայացրել էր նախագծային աշխատանք։ Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց, դրանց թվում՝ Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը՝ «Ալավերդի համայնքի N5 դպրոցի տանիքի անմխիթար վիճակը» թեմայով աշխատանքի համար։ Հաղթող ուսումնական հաստատությունները նվերներ են ստացել՝ մեկական գունավոր տպիչ, 4 կրակմարիչ, կազմարարական սարք՝ լրակազմով, ԱՌՆ գրականություն։

Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Տանիքն այժմ վատ վիճակում է եւ վտանգավոր է դպրոցի անձնակազմի եւ շրջակա բնակչության կենսագործունեության համար։

Նախագծի նախապատրաստական փուլում դպրոցում ստեղծվել է ԱՌՆ խումբ, որում ընդգրկված է 7 աշակերտ եւ նրանց աջակցող 4 ուսուցիչ։

Աշխատանքներն ընթացել են երեք փուլով.

1. Առաջին փուլում կատարվել է դպրոցի վտանգների, խոցելիության եւ կարողությունների ուսւմնասիրություն։ Պարզվել է, որ տանիքը վնասում են կարկուտը, փոթորիկը, ուժեղ քամին եւ հորդառատ անձրեւը։ ԱՌՆ խմբում ընդգրկված աշակերտները ծանոթացել են ԱՌԿ գործիքներին, ԱՌԿ պլանին եւ անվտանգության վերաբերյալ այլ հարցերի, ներգրավվել են վարժանքներին։ Կատարվել է տեղանքի քարտեզագրում, ակնադիտական զննումից զատ՝ օգտագործվել են վեբ կայքերից տեղեկություններ:

2. Երկրորդ փուլում աշակերտներն անցկացրել են հարցումներ դպրոցի տնօրենի, մանկավարժների, համայնքի բնակիչների եւ իրենց հասակակիցների հետ։ Օրինակ՝ քիմիայի ուսուցիչը ներկայացրել է իր մտահոգությունը քիմիայի փորձասենյակ անձրեւաջրերի թափանցման վերաբերյալ, քանի որ քիմիական նյութերի պահպանման համար հստակ պայմաններ են անհրաժեշտ։ Բացի դրանից՝ խոնավությունը ոչ միայն վնասում է դպրոցի գույքը, այլեւ ազդում աշակերտների առողջության վրա։

3. Երրորդ փուլում ԱՌԿ խումբը տարբեր ակցիաներ է արել՝ տեսահոլովակների պատրաստում, լրատվամիջոցներով խնդրի բարձրաձայնում:

Դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տանիքի խնդիրը բազմիցս բարձրացվել է, 2019 թվականին կառավարությունը որոշել է 95 միլիոն դրամով վերանորոգում կատարել, սակայն պատերազմի պատճառով այդ ամենը հետաձգվել էր։ Այժմ փաստաթղթային հարցեր են կարգավորվում, եւ շուտով դպրոցում շինարարական աշխատանքներ կսկսվեն։ Ֆինանսավորումը կրճատվել է մինչեւ 61 միլիոն դրամ, որով հնարավոր կլինի վերանորոգել տանիքը, դասարանները, հատակը։ Կենտրոնական ջեռուցման հարցն այս անգամ դուրս մնաց ծրագրից։ Տնօրենը լիահույս է, որ դա էլ մի օր իրականություն կդառնա․ դասարաններում գազի վառարանների առկայության շնորհիվ ոչ ոք վերարկուով չի նստում։ Մարզում ավելի վատթար պայմաններով ուսումնական հաստատություններ կան։

44-օրյա պատերազմի առաջին օրերին Լաուրա Մելիքսեթյանը, որը քաղաքային ավագանու ակտիվ անդամ է, հասկացել է իրավիճակի ողջ լրջությունը։ Լոռու մարզային փրկարարական վարչության ուղղորդմամբ եւ համատեղ մաքրել ու կահավորել են ապաստարանը, տեղադրել գույք, սնունդ ու ջուր։ Չոր սնունդը պարբերաբար թարմացվում է։

«Ամեն երեխա պիտի իմանա՝ ինչպես ապահովի իր անվտանգությունը։ Այսօր բարձրդասարանցի աղջիկները տղաներից անցել են, ավելի խարզիմատիկ են ու համարձակ: Հենց նրանք են ԱՌՆ խմբում ամենաշատն ընդգրկված։ Բոլորին ասում եմ՝ ոչնչից մի՛ վախեցեք, հատկապես՝ բանակում ծառայելուց։ Պատերազմից հետո վախ կա նրանց աչքերում։ Մեզ հիմա շատ հայրենասիրական միջոցառումներ են պետք։ Ես հիշում եմ՝ ինչպես էինք իմ ուսումնառության տարիներին մեր զինղեկ Գեղամ Վարուժանովիչի գլխավորությամբ Մադան գյուղ գնում, խորհրդային տարիներից մնացած զինվորական վրանները բացում, շիլա եփում խարույկի վրա, մասնակցում ռազմահայրենասիրական խաղերի»,- մանրամասնեց տնօրենը։

Աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնելու իր բանաձեւն է գտել․ աշխարհագրության ժամերին բնության գիրկ են գնում, քիմիայի դասին ջրամատակարարման ոլորտում աշխատող լաբորանտի օգնությամբ նմուշառում են անում, «Հայոց պատմություն» առարկայի որոշ թեմաների ծանոթանում են տեղում՝ ըստ տարածաշրջանի եւ ժամանակաշրջանի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ