Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում. Ամասիայի միջնակարգ դպրոց

ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում. Ամասիայի միջնակարգ դպրոց

2219
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) 2021 թվականի մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»։

Աղետների ռիսկի նվազեցման կարողությունները կատարելագործելու եւ համայնքային խնդիրները վերհանելու համար առաջին բաղադրիչի երրորդ փուլում 36 դպրոց ներկայացրել էր նախագծային աշխատանք։ Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց, դրանց թվում՝ Ամասիայի միջնակարգ դպրոցը՝ «Կարկտահարության վնասակար ազդեցությունն Ամասիա համայնքի վրա» թեմայով աշխատանքի համար։

Ծրագրի շրջանակում դպրոցում ստեղծվել է 4 հոգանոց ԱՌԿ խումբ՝ ծրագրի պատասխանատու, փոխտնօրեն Նունե Կարապետյանի գլխավորությամբ։ Աշակերտները կատարել են համայնքի վտանգների, խոցելիության եւ կարողությունների ուսումնասիրություն։ Մասնավորապես՝ ճշտվել են.

  • համայնքին սպառնացող բնակլիմայական ռիսկերը՝ կարկտահարությունը, ցրտահարությունը, երաշտը եւ այլն։
  • կենսաբանական ռիսկերը՝ վնասատուներ, հիվանդություններ, համաճարակ եւ այլն։
  • շուկայական ռիսկերը՝ առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության խախտումը, գների անկումը և այլն։
  • Վթարային շենքերի թիվը:
  • Համայնքային գյուղատնտեսական գույքն ու կարողությունը։

Որպես առաջնահերթ հիմնախնդիր ընդունելով կարկտահարության վտանգը՝ ԱՌԿ խումբն ուսումնասիրության համար կիրառել է տարբեր գործիքներ՝ ակնադիտարկում, հարցազրույցներ, քարտեզագրում, տեղական մակարդակում ռիսկերի կառավարման վերլուծություն, «Երիտասարդների ներգրավումը համայնքի դիմակայունության գործընթացներում» ուղեցույց։

Կայացել են հանդիպումներ քաղաքապետի, գյուղատնտեսների, փրկարարական ջոկատի հրամանատարի հետ, ի մի են բերվել խնդրի լուծման նրանց տարբերակները՝ նոր կարկտակայանների տեղադրում, ջերմոցային մշակույթի ներդնում, պատասխանատու կառույցների վերապատրաստման եւ հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտություն։

Ծրագրի վերջին փուլում աշակերտները բնակիչներին ներկայացրել են ԱՌԿ հիմունքները, տրամադրել բուկլետներ։

Ծրագրի պատասխանատու Նունե Կարապետյանի խոսքով՝ վերջին մեկ տարում համայնքում բավական փոփոխություններ են եղել։ Ամասիան խոշորացվել է, քաղաքապետը՝ վերընտրվել, նոր ծրագրեր են սպասվում։ Ավելացել է նաեւ կարկտակայանների թիվը։

«ԱՌԿ խումբն այժմ առօրյա դասերի է։ Շատ ակտիվ երեխաներ են. անդամակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների, սեմինարների մասնակցում թե՛ քաղաքում, թե այլ մարզում։  Դպրոցի քիմիայի լաբորատորիայի վերանորոգման ծրագիր են մշակել, ներկայացնելու են համայնքային մարմիններին»,- նշեց փոխտնօրենը՝ հավելելով, որ ներկայիս պատանիները իրավագիտակից են եւ ձգտում են համայնքում իրենց խոսքն ունենալ։

Ինչ վերաբերում է փրկարարների հետ համագործակցությանը, ապա վարժանքներն անցկացվում են պարբերաբար։ Բարձրդասարանցիները բավականին իրազեկված են, խաղային իրավիճակներում գործում են համակարգված։ Վերջերս միասնական ուժերով բարեկարգվել է դպրոցի ապաստարանը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է Նունե Կարապետյանը

Հ.Գ. Մրցանակ ստացած դպրոցներից է նաեւ Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը: