Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Կաճաճկուտի հիմնական դպրոց

ԱՌՆ ծրագրեր՝ դպրոցներում․ Կաճաճկուտի հիմնական դպրոց

2397
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) 2021 թվականի մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»։  

Աղետների ռիսկի նվազեցման կարողությունները կատարելագործելու եւ համայնքային խնդիրները վերհանելու համար առաջին բաղադրիչի երրորդ փուլում 36 դպրոց ներկայացրել էր նախագծային աշխատանք։ Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց, դրանց թվում՝ Լոռու մարզի Կաճաճկուտի հիմնական դպրոցը «Կաճաճկուտ գյուղում աղբահանության բացակայությունը» թեմայով աշխատանքի համար։

Կաճաճկուտում աղբի կուտակումն ու աղբահանության բացակայությունը հրատապ խնդիր է։ Դպրոցի 12 սան՝ տնօրեն Ալինա Խաչիկյանի գլխավորությամբ, տեղեկություն են հավաքել գյուղի սանիտարահիգիենիկ վատ վիճակի մասին, ուսումնասիրել «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը, հանդիպում ունեցել համայնքի վարչական ներկայացուցչի ու բնակիչների հետ։ Բարձրացվել են հետեւյալ հարցերը՝

  1. Որքանո՞վ է աղբահանության խնդիրն առաջնահերթ։
  2. Արդյո՞ք համայնքապետարանը կատարում է իր պարտականությունները։
  3. Ի՞նչ հնարավոր լուծումներ կան։

Բնակիչների մեծ մասն առաջարկել էր տեղադրել աղբամաններ։ Համայնքի վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանը կարեւորել էր խնդիրը՝ այդուհանդերձ առաջարկելով առաջին հերթին ուշադրություն դարձնել ճանապարհների վիճակին, ինչն աղբահանության կազմակերպման հիմնական խոչընդոտն է։ Նա նաեւ նշել էր, որ գյուղի բնակչությունը խնամքով չի վերաբերվում իր համայնքին․ գոմաղբը կիտում է ճամփեզրին, աղբը նետում Դեբեդ գետը։

Նախագիծը ներկայացնելուց հետո անցել է մեկ տարի, սակայն գյուղում աղբահանության կազմակերպման մասով ոչ մի առաջընթաց չկա։ «Մարդկանց մտածելակերպը չի փոխվել, համայնքի ղեկավարը շարունակում է պնդել, որ մենք աղբահանության խնդիր չունենք։ Փոխարենը՝ բնակիչների միջոցով անընդհատ մաքրվում է մոտակա եկեղեցու տարածքը, որտեղ զբոսաշրջային հոսք կա։ Գյուղի ամբողջ աղբը թափվում է գետը, միայն մի քանի ընտանիք է աղբը տեղափոխում հարեւան համայնքների աղբամաններ»,- մանրամասնում է Ալինա Խաչիկյանը։

Գարնանն ու աշնանը Կաճաճկուտի ճանապարհը սելավից քանդվում է, նույնիսկ տաքսիով հնարավոր չէ գյուղ հասնել։ ԱՌՆ ծրագրի շրջանակում դպրոցականներն իրենց ձեռքով պատրաստել են բնապահպանական ցուցապաստառներ, որոնք ժամանակի հետ տեղումներից փչացել են, դպրոցի ողջ անձնակազմն իրականացրել է մաքրման աշխատանք գյուղի տարածքում ու Դեբեդ գետի ափամերձ հատվածներում։

Տնօրենն ամփոփում է՝ ցավալի  է, որ նման գեղատեսիլ բնություն ունեցող համայնքը, որը զարգացման մեծ պոտենցիալ ունի, աղբի պատճառով այդքան անհրապույր է դարձել։

ԱՌԿ խմբի երեխաներն այս օրերին պատրաստվում են պետական քննությունների։ Շատերը շարունակելու են ուսումը բուհերում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Ծրագրի շրջանակում խրախուսական մրցանակ ստացած այլ դպրոցներ.

Թումանյանի միջնակարգ դպրոց

Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց

Ամասիայի միջնակարգ դպրոց