Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ռուսաստանի Կազան քաղաքի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի խնդիրների լուծման նորարական մոտեցումներ» թեմայով գիտա-գործնական կոնֆերանսում երկու զեկույց է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը՝ «Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» եւ «Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքները»:
Ներկայացնում ենք հատվածներ «Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» զեկույցից:
Յուրաքանչյուրը կարող է իր գործողություններով նոր ռիսկեր առաջացնել: Ուստի անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հարցերի ներդրումը կրթական համակարգում արդիական է, քանի որ մարդիկ կրթություն են ստանում տարբեր հաստատություններում:
Գաղտնիք չէ, որ աղետների ռիսկի նվազեցման գործընթացը սերտորեն կապված է հասարակության անվտանգության մշակույթի մակարդակի հետ:
Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթությունը պետք է ներդրվի կրթական համակարգի բոլոր մակարդակներում՝ նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատություններ: Անհրաժեշտ է ապահովել անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության անընդհատությունը:
Բոլոր դեպքերում պետք է ունենալ հետեւյալ հարցերի պատասխանները՝ ում սովորեցնել, ինչ սովորեցնել, ինչպես սովորեցնել: Սովորեցնել պետք է բոլորին՝ աշխատող քաղաքացիներ եւ չաշխատող քաղաքացիներ՝ երեխաներ, տնային տնտեսուհիներ, կենսաթոշակառուներ եւ այլք:
Մատուցվող նյութը պետք է լինի պարզ, մատչելի, դյուրին ընկալելի: Հարկ է սկսել ընտանի կենդանիների հետ շփման անվտանգությունից, կենցաղային տեխնիկայի ճիշտ օգտագործումից, կրակի հետ չխաղալու, «Ինչ չպետք է անել» թեմայից եւ նման հարցերից, հետո անցնել կենցաղային անվտանգությանը, ճանապարհային երթեւեկության կանոններին, բնակության վայրին բնորոշ ռիսկերին, խոցելիությանը, ազդարարման ազդանշաններին, արտակարգ իրավիճակներում տուժածին օգնելու կարեւորությանը, երկրի քաղաքացիական պաշտպանության համակարգին:
Կրթությունը կազմակերպելու ձեւերի ու միջոցների ընտրությունը կախված է լսարանից. Նախադպրոցական տարիքի լսարանում՝ խմբային խաղեր, բուհերում՝ գրավոր եւ բանավոր աշխատանք, հետբուհական հաստատություններում՝ հետազոտական աշխատանքներ, չաշխատող մարդկանց համար՝ հեռուստա եւ ռադիոհաղորդումներ, այլ լրատվամիջոցներով հրապարակումներ եւ այլն:
Կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքում բնակիչը իր գործողություններով չի նպաստի նոր ռիսկերի առաջացմանը, արտակարգ իրավիճակներում եւ ճգնաժամերի ժամանակ չի խոչընդոտի վթարա-վերականգնողական աշխատանքներին եւ դրանով կնպաստիաղետների ռիսկի նվազեցմանը: