Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ 2017-2021 ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ 2017-2021 ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

641
Տարածել

ՀՀ կառավարությունը հունիսի 29-ին հաստատել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի 2017-2021 թվականների» և «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների» միջոցառումների ծրագրերը, որոնք մշակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Առաջին ծրագրով սահմանված է 14, երկրորդով՝ 7 կետ: Մասնավորաբար. «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակում, քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների և կազմակերպությունների ցանկի նախագծի մշակում՝ ըստ վտանգավորության աստիճանի, պահեստային կառավարման կետերի ուսումնասիրություններ և վիճակից բխող առաջարկությունների մշակում, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուսումնասիրություն՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծման նպատակով, քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի մեկին նվիրված միջոցառումների (դասախոսություններ, սեմինարներ, վարժանքներ) անցկացում ուսումնական հաստատություններում, «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման ռազմավարության» նախագծի մշակում, «Արտաշատ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի» նախագծի մշակում, Հայաստանի բնակչության տարբեր խմբերի և կառավարման մարմինների նախապատրաստման համար ուժեղ երկրաշարժի վերաբերյալ բազմակողմանի ուսուցողական ծրագրերի մշակում, Հայաստանի պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագրի մշակում և այլն:

ԱԻՆ-ում վստահ են, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում կարգավորվելու են տարածքային պաշտպանության կազմակերպման, իրականացման և տարածքային պաշտպանության այլ պետական մարմինների ուժերի ու միջոցների հարաբերությունները, հստակեցվելու են քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործառույթները քաղաքացիական պաշտպանության բնագավառում, զգալիորեն բարձրանալու է հանրապետության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: