Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ախտահանումը, հսկողությամբ այրումներն ու հերթապահությունը շարունակվում են

Ախտահանումը, հսկողությամբ այրումներն ու հերթապահությունը շարունակվում են

2819
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 586 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 194 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ կանչ:

Փրկարարները 127 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Կենտրոն, Աջափնյակ, Էրեբունի, Արաբկիր վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 17 դեպքում: Արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 11 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում մոտ 20 հետկար տարածքում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի, Խոսրովի արգելանոց, Բյուրականի անտառի հանգստյան գոտիների մոտակայք եւ այլն:

Այլ կանչեր. Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արարատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում շենքի տանիքին ամրացված ալեհավաքը քամուց պոկվել եւ ընկել է էլեկտրահաղորդման լարերի վրա։ Հրշեջ-փրկարարներն ալեհավաքը հեռացրել են մալուխների վրայից: Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տաշտուն գյուղի մոտակա դաշտում ծառի վրա կասկածելի իր կա: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են իրը եւ փոխանցել ոստիկանության ծառայողներին։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 8000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 90 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Նախորդ շաբաթների աշխատանքները.

Մարտի 30-ապրիլի 1

Ապրիլի 2-5

Ապրիլի 6-13

Ապրիլի 13-20

Ապրիլի 20-27

Ապրիլի 27-մայիսի 4

Մայիսի 5-11

Մայիս 12-18

Մայիսի 19-25

Մայիսի 26-հունիսի 1

Հունիսի 2-8

Հունիսի 16-22

Հունիս 23-29

Հունիսի 29-հուլիսի 5

Հուլիսի 6-12

Հուլիսի 13-20