Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները շարունակել են ախտահանել հանրային վայրերը

Փրկարարները շարունակել են ախտահանել հանրային վայրերը

1946
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 168 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 37 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ կանչ:

Փրկարարները 61 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 30-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 12 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ:

Մարտի 30-ապրիլի 1 ժամանակահատվածում փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում ախտահանել են 1600 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց:

Ապրիլի 2-5 հատվածում ախտահանման աշխատանքները շարունակվել են: Վարակազերծվել են շուկաներ, խանութներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն։