Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ախտահանել են ավելի քան 2500 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց

Փրկարարներն ախտահանել են ավելի քան 2500 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց

1765
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 249 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 96 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ կանչ: 

Փրկարարները 64 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 30-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, վարչական շրջաններում, Արմավիրում, Արարատում, Սյունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 8 մարդ:

Մարտի 30-ապրիլի 1 ժամանակահատվածում փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում ախտահանել են 1600 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց, ապրիլի 2-5 հատվածում ավելի քան 1000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց, ապրիլի 6-13-ը՝ ավելի քան 2500 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 8000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն: