Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները տատիկի ձեռքն ազատել են թռչի ճանկերից եւ բռնել 4-րդ հարկ բարձրացած...

Փրկարարները տատիկի ձեռքն ազատել են թռչի ճանկերից եւ բռնել 4-րդ հարկ բարձրացած կատաղած շներին

3184
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 286 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 35 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ կանչ:

Փրկարարները 95 կենցաղային կանչ են ստացել, որից 75-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում եւ այլ վայրերում յոթ օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Արգելափակված 21 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 30 մարդ:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ վայրի թռչունը ճանկել է Նիկողայոս Տիգրանյան փողոցի բնակիչներից մեկի ձեռքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները 67-ամյա կնոջ ձեռքն ազատել են թռչնի ճանկերից:

Լոռու մարզում ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել եւ կոտրել է ոտքը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Հրշեջ-փրկարարները 30-ամյա կնոջը ցուցաբերել են առաջին բուժօգ­նություն եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նույն մարզում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում երկու փողոցային կատաղած շուն կա, շներին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները բռնել են շներին եւ տեղափոխել անվտանգ տարածք։

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է ավելի քան 2500 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 15 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Նախորդ շաբաթների աշխատանքները.

Մարտի 30-ապրիլի 1

Ապրիլի 2-5

Ապրիլի 6-13

Ապրիլի 13-20

Ապրիլի 20-27

Ապրիլի 27-մայիսի 4