Գլխավոր Վերլուծություն Կներդրվեն կլիմայական հարմարվողականության նոր մեխանիզմներ

Կներդրվեն կլիմայական հարմարվողականության նոր մեխանիզմներ

220
Տարածել

2022 թվականի հուլիսից մեկնարկել էր «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որն իրականացնում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ, հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում ընտրվել էին Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ եւ Գյուլագարակ, Շիրակի մարզի Անի, Տավուշի մարզի Իջեւան, Վայոց Ձորի Վայք, Սյունիքի մարզի Գորիս եւ Տեղ խոշարացված համայնքները:

Ուսումնասիրվել էին կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը, բացահայտվել էին կարողությունները, խոցելիությունը։ Հիմնվելով արդյունքների վրա՝ ծրագրի փորձագետներն առաջարկել էին ավելի քան 250 հարմարվողականության լուծում:

Ուսումնասիրությունը ներառել էր կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտները՝ գյուղատնտեսություն, մարդու առողջություն, էներգետիկա, բնակավայրեր եւ ենթակառուցվածքներ, ջրային ռեսուրսներ, էկոհամակարգեր, կենսաբազմազանություն, զբոսաշրջություն։

Համայնքների աշխատակազմի եւ վարչական ղեկավարների հետ ծրագրային թիմն ամփոփիչ հանդիպումներ է ունեցել փետրվարի 2-18-ը։ Արդյունքում՝ առանձնացվել են երկու մակարդակի լուծումներ. ընդհանուր՝ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի համար եւ յուրահատուկ՝ ըստ բնակավայրերի:

Ինֆորմացիա է հավաքագրվել նաեւ համայնքների ֆինանսական կարողությունների, ֆինանսական հնարավոր աղբյուրների մասին։

Շուտով ծրագրի տվյալները կներկայացվեն նաեւ շահագրգիռ կառույցներին, գերատեսչություններին։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը