Գլխավոր Միջոցառումներ Սյուզաննա Կակոյան. Բոլորս պետք է հասկանանք, որ երկրաշարժավտանգ երկրում ենք ապրում

Սյուզաննա Կակոյան. Բոլորս պետք է հասկանանք, որ երկրաշարժավտանգ երկրում ենք ապրում

761
Տարածել

Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացնում է տեսական եւ գործնական գիտելիքի ու կարողությունների, ինչպես նաեւ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ` երկրաշարժի հետ կապված գործելակերպի եւ պատրաստվածության բնագավառում։ Այս աշխատանքները սեյսմիկ ռիսկի նվազեցման մաս են կազմում եւ ընդգրկում են հանրության տարբեր սոցիալական ու տարիքային շերտերը։ Առանցքային, թիրախային խմբերից են կրթական հաստատությունները եւ համայնքի բնակչությունը։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ վարքականոնի տեսանկյունից մենք բազմաթիվ բացթողումներ ենք ունեցել։ Աղետից քաղված դասերի եւ միջազգային փորձի հիման վրա մշակվել է ուսումնական ծրագիր, որը ներառում է տարհանման վարժանքներ ու դասախոսություններ, խաղ-վիկտորինաներ, դպրոցականների համար սպորտային խաղեր, ֆիլմերի դիտում-քննարկում եւ այլն։ Այցերի քանակը կախված է ընտրված ձեւաչափից։ «Ձեւաչափերը տարբեր են՝ հաշվի առնելով տարիքային, սոցիալական եւ այլ խմբերը։ Եթե շեշտը դնենք երեխաների ուսուցման վրա, ապա խաղի միջոցով սովորելը նրանց ավելի է դուր գալիս»,- մանրամասնեց բաժնի պետը։

Ամենափոքր տարիքային խումբը մանկապարտեզի սաներն են։ Ծառայության մեթոդական բաժնի մասնագետները նրանց համար «Ներկի՛ր ինքդ» գրքույկներ ու խաղագրքեր են ստեղծել, որոնց միջոցով երեխաները սովորում են, թե ինչ է երկրաշարժը, ինչով է պայմանավորված դրա ծագումը, եւ ինչպիսի վարք պետք է դրսեւորել՝ ելնելով տվյալ իրավիճակից։

Խոսելով մինչեւ երկրաշարժը նախապատրաստական աշխատանքների մասին՝ Սյուզաննա Կակոյանը նշեց, որ այս հարցում շատ կարեւոր է մեծահասակների դերը եւ պատրաստակամությունը։ Բոլորս պետք է հասկանանք, որ երկրաշարժավտանգ երկրում ենք ապրում, որ երկրաշարժներ միշտ լինելու են, եւ դեռ աշխարհի մակարդակով հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել այս երեւույթը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ունենա հստակ գործողությունների պլան՝ տարածքի ճիշտ կահավորումից մինչեւ ելքի դռներն ազատ պահելը։

Այս առումով երիտասարդներն ավելի աչալուրջ են։ Եթե որոշ մեծահասակներ դեռ կարծրացած մտածելակերպ ունեն, որ Սպիտակի երկրաշարժն իրական չէր, այլ պայթյունի հետեւանք, ապա հատկապես երիտասարդները վերջին պատերազմից հետո ավելի հասուն են դարձել եւ ավելի ճկուն անվտանգության հարցերում։

Կրթական ոլորտում խնդիրները շատ են։ Սյուզաննա Կակոյանը մատնանշեց դպրոցական շենքերի ելքերը, որոնք շատ հաճախ փակ են տարածքի մի մասի վաճառված լինելու կամ տնօրենի սուբյեկտիվ որոշմամբ, օրինակ, գողություններից կամ այլ անձանց մուտքից դպրոցը պաշտպանելու պատճառով։ «Տնօրենները հաճախ բողոքում են, որ փոքր բյուջեով չեն կարող սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված փոփոխություններ անել։ Եվ քանի որ մենք տեսչական գործառույթ չունենք, պարզապես անընդհատ բացատրում ու շեշտում ենք դրա կարեւորությունը։ Մեծ խնդիր կա Երեւան քաղաքում․ մանկապարտեզների մեծ մասը գտնվում է բարձրահարկ շենքերի բանուկ հատվածում։ Փաստացի, երեխաները տարհանման եւ ապահով տարածք տեղափոխվելու խնդիր ունեն, քանի որ շուրջբոլորը բարձրահարկ շենքեր են։ Այս հարցերը լուծում են պահանջում»,- հավելեց մասնագետը։

Ծառայությունն իր մասնաճյուղերի միջոցով իրազեկման աշխատանքներ է կատարում նաեւ Երեւանի եւ բոլոր մարզերի վարչատարածքային միավորումների ներկայացուցիչների հետ։ Համագործակցությունը բազմակողմանի է եւ ամենօրյա։

Վերջում Սյուզաննա Կակոյանն օրինակ բերեց Ճապոնիան, որը սեյսմակայուն երկրի օրինակելի մոդել է։ Այստեղ ամեն քայլափոխի՝ փողոցում, մետրոյում եւ այլն, փակցված են իրազեկող պաստառներ։ Մարդիկ իրենց անվտանգության գինը լավ գիտեն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սյուզաննա Կակոյանը