Գլխավոր Միջոցառումներ «Կարմիր գլխարկի արկածները»․ աղետների ռիսկի նվազեցմանը նվիրված աննախադեպ ներկայացում՝ Գավառում

«Կարմիր գլխարկի արկածները»․ աղետների ռիսկի նվազեցմանը նվիրված աննախադեպ ներկայացում՝ Գավառում

1523
Տարածել

Հոկտեմբերի 25-ին Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Կարմիր գլխարկի արկածները» մանկական ուսուցողական հեքիաթ-պիեսի առաջնախաղը՝ նվիրված տարբեր իրավիճակներում անվտանգության վարքականոնին։ Իր տեսակով եզակի այս ներկայացման ռեժիսորը Հովհաննես Օհանյանն է։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության առաջարկով՝ Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ միջոցառմանը ներկա էին նաեւ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը եւ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը։ Բեմադրության հիմքում Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որին «գումարվել էին» «Կարմիր գլխարկը» եւ «Երեք խոզուկները» հեքիաթների հերոսները:

Կարմիր գլխարկը, Արջուկը, Աղվեսը, Գայլը, Երեք խոզուկները և այլք  հանդիսատեսին պատմեցին՝ ինչպես կողմնորոշվել անծանոթ տեղանքում, պաշտպանվել միջատներից, չորքոտանի կենդանիներից, ուժեղ անձրեւից ու երկրաշարժից, օգտվել տարհանման պլանից, ապահով տուն կառուցել եւ այլն։ Ի վերջո՝ ինչպես կապվել փրկարարների հետ, եթե հայտնվել ես անելանելի իրավիճակում։

Դերասանական խաղն արժանացավ բուռն արձագանքի։ Թատրոնի ղեկավար Հայկ Ղափանցյանն ուրախությամբ հայտնեց, որ արդեն մոտ 2000 երեխա հայտագրվել է նոյեմբեր ամսին ներկայացումը դիտելու համար։

«Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգողի խոսքով՝ իրենք բարձր են գնահատում աղետների ռիսկերի իմացությունն ու մարդկանց պատրաստվածությունը, քանի որ փրկությունը հենց գիտելիքի մեջ է։ Հիմնադրամն իր հերթին իրականացնում է իրազեկմանն ուղղված դասընթացներ եւ պարզագույն թաքստոցների վերանորոգման աշխատանք։

Համլետ Մաթեւոսյանը նշեց, որ ամենից շատ ուրախ է հատկապես երեխաների համար, որոնք այսուհետ իրենց հասկանալի լեզվով կընկալեն անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր․ «Անվտանգության մշակույթը ձեւավորվում է շատ վաղ տարիքից, եւ այս առումով թատրոնն ամենալավ աշխատանքներից մեկն է կատարել։ Ռիսկերի նվազեցման թեման ոտքից գլուխ բարություն է, մարդասիրություն, հարգանք միմյանց նկատմամբ, սեր։ Մեզ հենց այդ բարությունն է պետք»։

Արմինե Հայրապետյանը շնորհավորեց թատրոնի անձնակազմին՝ պիեսը գիտական մտքի մշակումից մինչեւ բեմ հասցնելու հաջողված փորձի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ սա վարակիչ օրինակ կդառնա Հայաստանի մյուս մարզերի համար։ «Այս գիտակցությունը մեզ համար պետք է դառնա կենսակերպ, այս փորձությունների շրջանում ապրելու կանոնակարգ։ Խոնարհվում եմ ձեր առաջ՝ այս հսկայական աշխատանքի համար», — ամփոփեց ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողը։

Սցենարի մշակման եւ բեմի ձեւավորման հարցերում թատրոնին օժանդակել էր Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը։ Հաշվի են առել ամեն մանրուք․ նույնիսկ պրեմիերայից օրեր առաջ ավելացրել են անտառի տարհանման պլանը։ Հարցին, թե ինչու պիեսում չեն խաղում իրական փրկարարները, Գարեգին Հակոբյանը պատասխանեց, որ պրոֆեսիոնալ դերասանը փոքրիկ հանդիսատեսին զվարճացնելու ձեւը գիտի։ Եվ ընդհանրապես, ամեն ոք պետք է զբաղվի իր աշխատանքով։

Կուլիսներում զրուցեցինք նաեւ ռեժիսոր Հովհաննես Օհանյանի հետ։ Նրա խոսքով՝ գաղափարը վաղուց կար, սակայն նախապատրաստական աշխատանքները սկսվել են միայն այս տարի։ Իրական հեքիաթների սյուժետային գծում որոշ բաներ են փոխել, օրինակ, խոզուկի փայտե տունը փոխարինվել է թղթե տնով կամ՝ Կարմիր գլխարկի տատիկի մասին միայն խոսում են, նա բեմում չի երեւում։ Սակայն պիեսը դրանից բնավ չի տուժել․ կարեւորն այն է, որ երեխաները հստակ հաղորդագրություն ստանան՝ միայն գիտելիքի, իրազեկված լինելու եւ իմացածը կյանքում կիրառելու շնորհիվ է հնարավոր դուրս գալ դժվար իրավիճակներից։

«Մեր թատերական անձնակազմը տեղյակ չէր, թե անտառում, օրինակ, ինչ անվտանգության կանոններ պետք է կիրառել։ Ինքներս ենք սովորել՝ հատկապես տեղորոշումը։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք այդքան շատ մարդկային կորուստ ունեցանք հենց տարածքում կողմնորոշվել չիմանալու պատճառով։ Կարծում եմ՝ «քարտեզ» հասկացությունը պետք է ամեն ոլորտում խորացված ուսուցանվի»,- ասաց ռեժիսորը։

Պիեսի «շրջագայության» հետ կապված ծրագրերը շատ են։ Առայժմ այն հասանելի կլինի միայն Գեղարքունիքի մարզի, իսկ ֆինանսավորման դեպքում՝ նաեւ այլ մարզերի երեխաների համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը