Գլխավոր ՀՀ ՆԳՆ «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում-2019». ԵՓՎ

«Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում-2019». ԵՓՎ

5164
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» է ճանաչվել Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը։

2019 թվականին Երեւան քաղաքի տարածքում գրանցվել է 10254 արտակարգ դեպք-պատահար (2018 թվականին՝ 8296), որից հրդեհի կանչերը եղել են 4010-ը (2018 թվականին՝ 2598)։ Խոշոր դեպքերից հիշարժան են «Ձյունիկ» սառնարանում եւ «Մալաթիա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհները, որոնց հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր գրեթե ողջ անձնակազմը։

Տարվա ընթացքում վարչությունն անցկացրել է 9 շտաբային, 1 ցուցադրական եւ 95 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, 15 օբյեկտային վարժանք:

Բնակչության անվտանգության համատեքստում՝ Քաղաքացիական պաշտպանության, Արտակարգ իրավիճակների աշխատողի եւ Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրերին անցկացվել են հարյուրավոր միջոցառումներ ու դասախոսություններ նախակրթարաններում, ուսումնական հաստատություններում, բժշկական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, կազմակերպություններում, արտադրական օբյեկտներում։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով վարչության մասնագետներն իրականացրել են ապաստարանների վիճակի եւ հակաճառագայթային թաքստոցների ուսումնասիրություն, հավաքագրվել են տվյալներ բնակելի շենքերի, մասնավոր տների բնակիչների պատսպարման վայրերի վերաբերյալ, ճշգրտվել են կազմակերպությունների ՔՊ պլաններ ու մշակվել նորերը։

Ուսումնասիրվել են նաեւ Երեւան քաղաքին սպառնացող վտանգավոր տեղամասերը, ջրամբարները, թունելներն ու կամուրջները, առկա հրշեջ հիդրանտներն ու ջրավազանները եւ այլն։ Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվել են հենապատերի ընթացիկ նորոգման, քաղաքի տարածքով անցնող գետերի հուների մաքրման, շենքերի թեք եւ հարթ տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքներ, մշակվել են երեք 3-րդ կարգի վթարային շենքերի վերականգնման-ամրացման հաշվարկներ։

Հուլիս-հոկտեմբեր ամիսներին իրականացվել է ուժեղացված հերթապահություն առավել հրդեհավտանգ 6 տեղամասերում՝ Հրազդանի կիրճ, Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Հաղթանակի, Ծիծեռնակաբերդի եւ Արաբկիր զբոսայգիներ, Բուսաբանական այգի։

Վարչության եւ տարբեր ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են Ռուսաստանի պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում անցկացված «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում», «Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը», «Գազածխապաշտպանների պատրաստության եւ հրդեհաշիջման ժամանակ ծխահեռացման կազմակերպում», «Հրդեհաշիջման մարտավարությունը ճանապարհային, երկաթուղային թունելներում եւ ստորգետնյա կառույցներում», «Անտառային եւ արդյունաբերական օբյեկտներում հրդեհների մարման կազմակերպումը եւ ղեկավարումը» թեմաներով վերապատրաստման դասընթացներին, Բադ Նոյենառ-Առվայլերում (Գերմանիա) կայացած քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային բնույթի արտակարգ իրավիճակներին առաջինն արձագանքող միավորումների հրահանգիչների միջազգային դասընթացին, Քիշնեւում Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ/CSDP) շրջանակներում կազմակերպվող դասընթացին եւ այլն։

Շարունակվել է հանրակրթական հաստատություններում հրշեջ-փրկարարական կազմավորումների համալրումն ու պարապմունքները։ Բելառուսի Հանրապետությունում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքին Երեւանի թիմը գրավել է 3-րդ տեղը։

Վարչության պետը

Գնդապետ Առնոլդ Հարությունյանը ծնվել է 1970 թվականին, մասնագիտությամբ իրավագետ է, երկարամյա ծառայության է եղել ոստիկանությունում։ 2018 թվականի հուլիսից Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ է։ Արժանացել է մի շարք պարգեւների՝ «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն» հուշամեդալներ, պատվոգրեր եւ այլն։ «Որտեղ էլ աշխատել եմ՝ մեծ անձնակազմ եմ ունեցել։ Երեւանում 13 հրշեջ-փրկարարական ջոկատ կա, բայց նրանց հեշտ է ղեկավարելը, քանի որ թե՛ սպաները, թե՛ շարքային փրկարարներն իրենց գործի գիտակ են։ Կյանքիս փորձը ցույց է տվել, որ ղեկավարը պիտի խիստ լինի, բայց եւ ծնողական հոգատարություն ցուցաբերի: Վարչություն ոտք դնող փրկարարը պետք է հավատա, որ իր խնդրին լուծում կտան։ Դրանից գործը միայն կշահի»,- նշում է գնդապետը։

Այս տարի նոր կորոնավիրուսի համաճարակի եւ Արցախյան պատերազմի պատճառով հետաձգվեցին շատ միջոցառումներ, որոնք կխտացվեն հաջորդ տարվա պլանում։ Պատերազմի առաջին օրից սկսած՝ Երեւան քաղաքում կատարվում է նկուղների ուսումնասիրություն, կարգի են բերվում եւ ստանդարտներին հարմարեցվում թաքստոցները։ Առնոլդ Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության բարելավումը հաջորդ տարվա առանցքային հարցն է։ Մենք անկանխատեսելի հարեւաններ ունենք, պետք է միշտ պատրաստ լինել։

Գնդապետն իր առաջին կռիվը տվել է 1990 -1992 թվականներին՝ մասնակցելով Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանական մարտական գործողություններին։ 30 տարի անց կրկին զենք էր առել ձեռքն ու առաջնորդել փրկարարների վաշտը։ Ժպիտով վերհիշում է, ռազմաճակատ մեկնելու ցանկություն ունեցողները շատ էին, դժվարությամբ են մի քանի հարյուր կամավորից 70-հոգանոց ցուցակ կազմել։ Ասում է՝ իր վաշտն իր պարծանքն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ.-1 Ինչպես ասացինք, Երեւանի փրկարարական վարչությունը ակտիվ համագործակցում է քաղաքի ուսումնական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների հետ: Պարբերաբար կազմակերպվում են վարժանքներ, դասեր: Ահա կատարված աշխատանքների վերաբերյալ որոշ նյութեր.

Վարժանք. Հանուն անվտանգ Երեւանի

Վարժանք «Կամար» բիզնես կենտրոնում

Խոշորամասշտաբ վարժանք «Կարեն Դեմիրճյան» ՄՀՀ-ում

Տարհանման վարժանք Միսաք Մանուշյանի անվան դպրոցում

Տարհանման վարժանք Արարատ Ղարիբյանի անվան դպրոցում

Տարհանման վարժանք Ստեփան Զորյանի անվան դպրոցում

Հ.Գ.-2 «Արիության համաստեղություն-2019» հանրապետական փառատոնի այլ հաղթողներ.

«Լավագույն լեռնափրկարար-2019»․ Ռոման Խաչատրյան

«Լավագույն ջրափրկարար-2019»․ Նարեկ Բաբայան

«Լավագույն խմբի պետ-2019»․ Հայկ Դավթյան

«Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

«Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ-2019»․ Թումանյանի ՀՓՋ