Գլխավոր Վերլուծություն Փրկարար մարզիկների նոր հաջողությունները

Փրկարար մարզիկների նոր հաջողությունները

892
Տարածել

Հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվեց IRON EURASIA-7 փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային մրցաշարը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

Մասնակցում էր 10 երկրի  147 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Հարություն Մխիթարյանը եւ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանը։

Պարածանրամարտի եւ պարաբազկամարտի միջազգային մրցույթների մեդալակիր Հարությունը հանդես եկավ 67 կգ քաշային կարգում եւ 145 կգ արդյունքով գրավեց առաջին հորիզոնականը։ Նա նաեւ «Բացարձակ հաղթող» կատեգորիայում զբաղեցրեց երրորդ տեղը՝ մրցելով ֆիզիկապես առողջ մյուս մարզիկների հետ։ Մրցավարների սահմանած վարկանիշով՝ նա սահմանեց եռակի ռեկորդ։

Պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում հրաշալի կատարեց երեք մոտեցումները՝ 90, 95 եւ 100 կգ արդյունքներով։ «Բացարձակ հաղթող» կատեգորիայում բարձրացնելով 105 կգ՝ նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ ֆիզիկապես առողջ տղաների եւ աղջիկների մրցապայքարում։

Գրետան պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Եգիպտոսում կայանալիք պարափաուերլիֆտինգի աշխարհի գավաթի առաջնությանը։

Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Գրետա Վարդանյանը