Գլխավոր Վերլուծություն ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են միջազգային չորս հավաքի

ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են միջազգային չորս հավաքի

1797
Տարածել

Վերջին մեկուկես ամսում տարբեր երկրներում անցկացվել են արտակարգ իրավիճակներին արձագանքման, ճգնաժամային կառավարման, բնակչության պաշտպանության թեմաներով միջազգային համաժողովներ, վարժանքներ, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Հավաքների նման առատությունը եւ խտությունը պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով պարտադրված հետաձգումներով: Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի հետ զրուցել ենք նշված հավաքներում քննարկված հարցերից:

Ինդոնեզիա՝ Բալի, մայիսի 23-28

Անցկացվել է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» յոթերորդ համաժողովը: Կարգախոսը՝ «Ռիսկից դեպի դիմակայունություն կորոնավիրուսից փոփոխված աշխարհում»: Հայկական պատվիրակությունը ղեկավարել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:
Քննարկվել են տասնյակ հարցեր. վաղ ազդարարման համակարգեր, սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային հետաղետային վերականգնում, կանանց դերը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրում, «Պետություն-մասնավոր գործընկերություն» աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, կանաչ վերականգնում, կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը զարգացումների եւ ձեռքբերումների վրա, նորարարական մոտեցումներ, տեղական մակարդակում ռիսկերի կառավարում եւ այլն:
Արա Նազարյանը մասնակցել է նախարարական կլոր սեղաններին, որտեղ ներկայացվում են երկրի ձեռքբերումները, օրենսդրական դաշտի բարելավումները, մարտահրավերներին արձագանքման կարողությունները, աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի ֆինանսավորման ձեւերը՝ պետական, մասնավոր, դոնոր կազմակերպություններ: Արմինե Հայրապետյանը մասնակցել է ԱՌՆ ծրագրերում հասարակության խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության թեմայով նիստին: Հայաստանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացրել՝ արդյունաբերական աղետներն եւ դրանց վնասները, արդյունաբերական աղետների դեպքում բազմակողմ համագործակցությունը՝ գիտական հանրություն-դոնոր կազմակերպություններ-պետական կառույցներ:
Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, գլոբալ պլատֆորմը սեփական ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու կարեւոր հարթակ է:

Շվեդիա՝ Ստոկհոլմ, հունիսի 6-11

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում»  Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչները եղել են Շվեդիայում: Պատվիրակության ղեկավար՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյան:
Այցի նպատակն էր ծանոթանալ շվեդական արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) աշխատանքի մեթոդներին եւ սկզբունքներին: Շվեդական ԱԻ համակարգը բավականին մեծ է, բայց շվեդական փորձը յուրահատուկ է, իսկ Շվեդիայում ընդունված մեխանիզմները կիրառելի են Հայաստանում: Մեր պատվիրակներն ուսումնասիրել են աշխատանքի տարբեր հարթություններ՝ ղեկավար կազմ, կամավորություն, կադրային քաղաքականություն, արձագանքում, վաղ ազդարարում, հանրային իրազեկում, արդյունավետ ղեկավարում եւ այլն:

Շվեյցարիա՝ Ցյուրիխ, Կրիենս, հունիսի 20-24

Այս տարվա սեպտեմբերին նախատեսված է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի վերաորակավորման վարժանքը: Մենթորները շվեյցարիացի փորձագետներն են: Նախավարժանքն անցկացվել է ապիլին եւ բարձր գնահատական ստացել: Շվեյցարիայի Ցյուրիխ եւ Կրիենս քաղաքներում անցկացվել է INSARAG-ի չափանիշներով վարժանք, որին մասնակցել է 14 երկրի թիմ՝ Հայաստան, Նիդերլանդներ, Միացյալ թագավորություն, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Քաթար եւ այլն: Հայաստանը ներկայացրել է ՔՈՓ թիմի ղեկավար կազմը՝ հրամանատարի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանի գլխավորությամբ: Վարժանքի գնահատման խմբում եղել է Արմինե Հայրապետյանը: Մեր մասնակցությունը բարձր գնահատական է ստացել: Իսկ մեր ներկայացուցչի ներգրավումը գնահատող խմբում հնարավորություն էր տեսնել վարժանքի կազմակերպման շղթայի բոլոր օղակները, գործողությունը տեսնել հետնաբեմից: Մեր պատվիրակները շատ բան են բան սովորել, որ կկիրառեն սեպտեմբերին՝ հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքում:

Բելգիա՝ Բրյուսել, հունիսի 28, 29

Անցկացվել է քաղաքացիական պաշտպանության եվրոպական 7-րդ ֆորումը: Կարգախոսը՝ «Ուժեղ միասին»: Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը: Քննարկվել է Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) 3-րդ փուլը: Սա 2020-2024 ժամանակահատվածի համար նախատեսված ծրագիր է: Նպատակը՝ կարողությունների զարգացում: Խոսվել է Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմից: Արմինե Հայրապետյանը հատկապես կարեւորում է փաստը, որ տարբեր երկրներ ցուցադրական տաղավարներ էին ներկայացել, որտեղ բերված էին Հայաստանի հետ հաջողված համագործակցության օրինակներ: Ասենք Կիպրոսը ներկայացրել է ALTER ծրագիրը:  Նույն տաղավարում հիշատակված էր նաեւ Հայաստանում անցկացվելիք միջազգային վարժանքը:

Հայաստանի հետ համագործակցության մասին նյութեր կային նաեւ Ավստրիայի եւ Վրաստանի զեկույցներում եւ տաղավարներում:
Քաղաքացիական պաշտպանության եվրոպական 7-րդ ֆորումում մեր պատվիրակները նշել են, որ աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ծրագրերի շարունակականությունը ապահովելու լավագույն մեխանիզմը աղետների ռիսկի նվազեցման կրթությունն է, կուտակված փորձի եւ գիտելիքների փոխանցումը, գիտելիքների ցանցի ստեղծումը եւ տարածումը: Այստեղ կարեւոր դեր ունի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ