Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանում միջազգային վարժանք կանցկացվի

Հայաստանում միջազգային վարժանք կանցկացվի

2120
Տարածել

Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի, Ֆրանսիայի համատեղ ջանքերով, Եվրոմիության 1,1 միլիոն եվրո ֆինանսավորմամբ, իրականացվելու է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում 2023 թվականի աշնանը Հայաստանում անցկացվելու է հրամանատարաշտաբային վարժանք: Վարժանքին մասնակցելու են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG), Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմեր եւ գործընկեր երկրների փորձագետներ:
Ըստ սցենարի, Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ներքին ռեսուրսների սակավության պատճառով երկիրը դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրոմիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:
Վարժանքը օգնելու է ստուգել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի 919-Ն որոշումը, որով հաստատվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը»:
Ծրագրի գործընկեր պետությունների ներկայացուցիչները Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում փրկարար ծառայության ղեկավար կազմի հետ, մեր կարողություններ են գնահատվում: Սեպտեմբերին կանցկացվի վարժանքի պլանավորման առաջին համաժողովը, որին կմասնակցեն նաեւ Եվրոպական միության ներկայացուցիչները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ