Գլխավոր ՀՀ ՆԳՆ INSARAG-ի վերաորակավորման նախավարժանքը բարձր գնահատական է ստացել

INSARAG-ի վերաորակավորման նախավարժանքը բարձր գնահատական է ստացել

2331
Տարածել

Ապրիլի 25-28-ը անցկացվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի վերաորակավորման նախավարժանքը, որը գնահատելու համար Հայաստան էին ժամանել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության (The Swiss Agency for Development and Cooperation SDC) պատվիրակները:
INSARAG-ի Հայաստանի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի խոսքով, INSARAG-ի՝ վարժանքների գնահատման նորացված ստուգաթերթիկով 187 ցուցանիշ է սահմանված, որոնց մի մասը վերաբերում է երկրի քաղաքական որոշումներին, մարդասիրական առաքելություններին եւ ծրագրերին մասնակcելու կամքին: Նորացված ստուգաթերթիկում ավելացվել են նաեւ վարժանքի կազմակերպիչների աշխատանքի գնահատման հարցեր: Մի բան, որ չկար 2015-ին, երբ հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմը ստացավ INSARAG-ի արտաքին որակավորում:
Ստուգաթերթիկում վարժանքը եւ դրա նախապատրաստումը գնահատվում են երեք գույնով: Կանաչ՝ ամեն ինչ լավ է, դեղին՝ գործն արվել է, բայց կան թերություններ, կարմիր՝ գործը չի արվել: Հովհաննես Եմիշյանը տեղեկացրեց, որ նախավարժանքի գնահատականներում կարմիր գույն չկա, 10-12 կետ գնահատվել է դեղին, մնացածը՝ կանաչ: Դեղին գնահատվել են մասնավորաբար այն կետերը, որ նոր են մտցվել ստուգաթերթ: Օրինակ INSARAG-ի քարտուղարությունը ներդրել է վարժանքի կառավարման եւ համակարգման առցանց համակարգ (INSARAG coordination and management System՝ ICMS): Այս համակարգով աշխատելու անհրաժեշտ գործիքները մեր փրկարարները ստացել են նախավարժանքից երկու ամիս առաջ, բայց թիմն այնքան պատրաստված էր, որ կարողացել է դա անել:
Ստուգաթերթիկում նորամուծություններ կային նաեւ տուժած երկիր ժամանող փրկարարական թիմերի օդանավակայանում ընդունման եւ մեկնման կազմակերպման եւ աղետի գոտի ժամանողում փրկարարական թիմերի համակարգման աշխատանքների հարցերում: Մեր փրկարարները սա արել են բարձր մակարդակով: Գնահատողները բարձր են գնահատել հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմում օտար լեզվի տիրապետողների եւ երիտասարդների առատությունը:
Շվեյցարիացի փորձագետների գնահատականները ոգեւորել են INSARAG-ի գլոբալ նախագահ, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության մարդասիրական օգնության բաժնի ղեկավար, դեսպան Մանուել Բեսլերին եւ նա արդեն որոշել է, որ ներկա է լինելու INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի այս տարվա սեպտեմբերին նախատեսված վարժանքին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ