Գլխավոր Վերլուծություն ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ գործընկեր կազմակերպություններ

ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ գործընկեր կազմակերպություններ

2363
Տարածել

Փետրվարին կավարտվի «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) երկամյա ծրագիրը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը, որը հետազոտական աշխատանքի եւ կրթության միջոցով նպաստում է Հայաստանում հանքարդյունաբերության լավագույն միջազգային փորձի յուրացմանը եւ հարմարեցմանը, ծրագրի շրջանակում ստանձնել էր իրազեկվածության բարձրացման եւ տեղեկատվական աշխատանքները, մասնավորապես՝ ծրագրի հաղորդակցության պլանի, թռուցիկների, հոդվածերի, մամուլի հաղորդագրությունների մշակումը, երիտասարդ գիտնականների եւ այլ քաղաքացիների համար դասընթացի եւ ամառային դպրոցի կազմակերպումը եւ այլն։

Առաջնային փուլում Կիպրոսի եվրոպական համալսարանի փորձագետներն ուսումնասիրել էին սեյսմիկ գոտում գտնվող պատվարների ռիսկի կառավարման լավագույն օրինակները, վերլուծել նախկինում տեղի ունեցած պատահարները՝ այդ փորձը մեր երկրում տեղայնացնելու համար։

Հայաստանում այսօր կա մոտ 80 ջրամբար՝  988 միլիոն խորանարդ մետր ծավալով, 15 գործող եւ 8 փակված պոչամբար, որոնցից 9-ը՝  Սյունիքի մարզում։ Պատվարի փլուզման պատճառները կարող են տարբեր լինել՝ ջրհեղեղ, սողանք, երկրաշարժ, հիմքի փլուզում, արտահոսք, ահաբեկչական ակտ եւ այլն։ Ուսումնասիրությունների համաձայն՝ 2000 թվականից ի վեր աշխարհում գրանցվել է պոչամբարի պատվարի փլուզման տարբեր աստիճանի ծանրության 54 դեպք։ Չնայած բազմամյա կտրվածքով այս թիվը նվազել է, այնուամենայնիվ գրանցվում են լուրջ պատահարներ։

Ռիսկերին դիմագրավելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման համար անհրաժեշտ գործիքների ուսուցանման եւ ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքներ էր տարել ALTER-ի գործընկեր Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի անվտանգության եւ պաշտպանության հետազոտությունների կենտրոնը։ Արդյունքում՝ թիրախային Կապան քաղաքից հյուսիս գտնվող Գեղիի ջրամբարի վրա տեղադրվել են սեյսմիկ տվիչներ, որոնք ուղիղ կապով միացված են Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին եւ Կապանի ձայնային ազդարարման համակարգին։ Մշակվել է առցանց աշխարհագրական տեղեկատվական՝ ՎԵԲ ԱՏՀ համակարգ, ոչ մասնագետ օգտատերերը ծանոթացել են ջրհեղեղի զարգացումը կանխատեսող համակարգչային ծրագրին, տարհանման գործընթացին եւ հետջրհեղեղային իրավիճակներում նյութական օգնության տրամադրմանն աջակցող համացանցային գործիքներին։

Բազմաշերտ ԱՏՀ գործիքով, որը թույլ է տալիս հասկանալ ջրհեղեղների մոդելները եւ պատվարի հնարավոր փլուզումների ազդեցությունը համայնքների վրա, կատարվել է Գեղանուշի պոչամբարի, Գեղիի ջրամբարի, Որոտան կասկադի ջրամբարների պատրվարների փլուզումների մոդելավորում, մշակվել են ուսումնասիրված տարածքի ջրհեղեղի վտանգի ինդեքսի քարտեզը եւ վատագույն սցենարները, կատարվել են պատվարների ճեղքման առավելագույն հոսքի եւ հիդրոգրաֆի հաշվարկներ։ Ամբողջական ուսումնասիրությունն ԱՏՀ համակարգի միջոցով հասանելի է ALTER-ի կայքէջում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ALTER ծրագրի համակարգող,  Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Առաքելյանի խոսքով՝ թիրախային տարածքներում բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե ջրամբարների դեպքում ռիսկերը հաշվարկելի են եւ արտակարգ իրավիճակում գործ  կունենանք միատարր զանգվածի հետ,  ապա պոչամբարների ռիսկերն անորոշ են։

Ծրագրի ողջ աշխատանքային գործընթացը վերահսկել եւ հաշվետվություններ է կազմել  գլխավոր գործընկեր Աթենքի ազգային օբսերվատորիայի գեոդինամիկայի ինստիտուտը։

Ստորեւ՝  «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (ԱՌՆԱՊ) եւ Արտակարգ իրավիճակների նախարարության կատարած աշխատանքների մասին:

ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ ԱՌՆԱՊ

ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ ԱԻՆ

Անի ԱՆՏՈՆՅԱՆ