Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստման դասընթաց «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում

Վերապատրաստման դասընթաց «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում

2858
Տարածել

2022 թվականի հունվար-մարտ հատվածում «Աղետների արձագանքման համար բազմակի համաժամանակեցված առաքելություններով անօդաչու սարքերի թռիչքակազմի կառավարման նորարարական ինտեգրացված լուծում»՝ «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում կանցկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մասնագիտացված ստորաբաժանման փրկարարների վերապատրաստում, որին կմասնակցի 9 փրկարար:

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, դասընթացը կանցկացնեն UAVLAB (Յու Էյ Վի Լաբ) ընկերության մասնագետները: UAVLAB-ը ժամանակակից ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն է, նպատակ ունի արտադրել մասնավորաբար հետախուզական տեխնիկական միջոցներ:

Փրկարարների վերապատրաստման դասընթացները կլինեն ե՛ւ տեսական ե՛ւ գործնական: Թեմաները բազմազան են՝

· Անօդաչու թռչող սարքերի տեսակները, կարողություններն ու սահմանափակումները ըստ հատկանիշների եւ նշանակության

· ԱԹՍ-ների կիրառումը առաջին արձագանքման միջոցառումների ժամանակ՝ որոնողափրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ, կապի ապահովում, իրազեկում, առաջին անհրաժեշտության պարագաների՝ նվազագույն փրկարարական փաթեթի (ջուր, դեղորայք) եւ այլն տեղափոխում

· ԱԹՍ կիրառումը տեղազննության, քարտեզագրման, մշտադիտարկման եւ նմանատիպ աշխատանքներում՝ ուղղված աղետների ռիսկի բացահայտմանը, նվազեցմանը, կանխմանը, կանխարգելմանն ու կառավարմանը

· ԱԹՍ ոլորտի զարգացման միտումները, նորարական մոտեցումների ուղղությունները

· ԱԹՍ կառուցվածքը, ֆիզիկական հատկանիշները, օգտակար բեռը, կարողությունները, անվտանգության միջոցառումները, սպասարկումը

· ԱԹՍ կիրառումը (օպերատորական աշխատանք)՝ թռիչք-վայրէջք՝ ըստ եղանակային պայմանների եւ տեսանելիության

· ԱԹՍ օգնությամբ ստացված նյութերի (լուսանկարներ, տեսանյութեր) մշակումը եւ վերլուծությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ռեսպոնդրոն» ծրագրի կայքից

Հ.Գ. «Ռեսպոնդրոն» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: Ծրագրում մեկտեղված են հայկական, գերմանական, իսրայելական, իսպանական, ֆրանսիական, կորեական, պորտուգալական, լատվիական, մակեդոնական, բուլղարական, իտալական, նիդերլանդական մոտ երկու տասնյակ պետական գերատեսչությունների եւ հետազոտական հաստատությունների ջանքերը: Հայաստանից ներկայացված են արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Հայաստանում ամերիկյան համալսարանը: Ծրագրի իրականացման համար Եվրոպական միությունն ու Հարավային Կորեայի կառավարությունը տրամադրել են 8,3 միլիոն եվրո դրամաշնորհ: Ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Հայաստանը մասնակցում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» համաժողովին

«Ռեսպոնդրոն». Հայաստանը ներկայացված է աշխատանքային 15 խմբից 12-ում

Կմշակվի արտակարգ իրավիճակներում ԱԹՍ-ները կառավարելու ծրագիր

ԱԹՍ-ների մրցույթին մասնակցության 47 հայտ է ստացվել

Ավարտվեց ԱՌՆ ոլորտում կիրառելի ԱԹՍ-ների առաջին մրցույթը