Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կմշակվի արտակարգ իրավիճակներում ԱԹՍ-ները կառավարելու ծրագիր

Կմշակվի արտակարգ իրավիճակներում ԱԹՍ-ները կառավարելու ծրագիր

2360
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել է անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմն արտակարգ իրավիճակներում կառավարելու, տեղեկատվության համակարգման համար ծրագրի մշակման աշխատանքային խումբ:

Խմբի ղեկավարը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է: Անդամներն են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Կարեն Բաբասյանը, միջազգային կազմակերպություններում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը:

Փրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի կիրառումը ՀՀ ԱԻՆ առաջնահերթություններից է: Հայաստանը մասնակցել է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» միջազգային համաժողովին, որի արդյունքներով ստեղծվել է «Ռեսպոնդրոն» կոնսորցիումը (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից):

Դեկտեմբերի 10-12-ը Փարիզում անցկացվելու է «Ռեսպոնդրոն» կոնսորցիումի տարեկան ընդահուր ժողովը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթեւոսյանն, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ, Տիգրան Պետրոսյան:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ