Գլխավոր Վերլուծություն ԱԹՍ-ների մրցույթին մասնակցության 47 հայտ է ստացվել

ԱԹՍ-ների մրցույթին մասնակցության 47 հայտ է ստացվել

2660
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված անօդաչու թռչող սարքերի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը սպառվել է: Մրցույթի կազմակերպչական կոմիտեում ԱԻՆ ներկայացուցիչ, Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանից տեղեկացանք, որ ստացվել է 47 հայտ, բոլոր երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ, մասնագիտացած ընկերություններ։ Ըստ այս բաժանման էլ կլինեն առաջադրանքները. համապատասխանաբար պարզ, միջին, բարդ: ԱԹՍ-ները երեք խնդիր պետք է լուծեն. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում:

· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է կրակի օջախ գտնի ընդամենը մեկ հեկտար տարածքում, ապա սկսնակ ընկերությունների մշակածը՝ երեք, իսկ մասնագիտացած ընկերության մշակածը՝ հինգ անգամ ավելի մեծ տարածքում:

· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է հայտնաբերի միայն կրակ եւ դրա վերաբերյալ տեսապատկեր հաղորդի, ապա սկսնակ եւ մասնագիտացած ընկերության մշակածը՝ պետք է հայտնաբերի եւ կրակ եւ ծխացող (ածխային) օջախ եւ հաղորդի դրանց հստակ կոորդինատները:

· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն տուժածին հայտնաբերելուց հետո պետք է կարողանա նրան հասցնել առավելագույնը 100 գրամ քաշով գոյատեւման փաթեթ, ապա սկսնակ ընկերության նախագծածը՝ առնվազն՝ 200, իսկ մասնագիտացած ընկերությանը՝ առնվազն՝ 500 գրամ քաշով փաթեթ:

· Եթե դպրոցահասակի նախագծած-մշակած ԱԹՍ-ն պետք է կարողանա հեղուկ սփռել գետնից երկու մետր բարձրությունից, ապա սկսնակ ընկերության մշակածը՝ 5, իսկ մասնագիտացած ընկերությանը՝ 15 մետր բարձրությունից: Դպրոցահասակի ստեղծած ԱԹՍ-ի համեմատ մի քանի անգամ մեծ պետք է լինի նաեւ սկսնակ եւ մասնագիտացված ընկերությունների ստեղծած ԱԹՍ-ների օդում աշխատաժամանակն ու հեղուկի սփռման մակերեսը:

Մրցույթի կազմակերպչական կոմիտեում ԱԻՆ ներկայացուցիչ, Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, հունիսի 4-ին անցկացվել է մրցույթի կազմկոմիտեի եւ մասնակիցների հանդիպում, որի ժամանակ ճշտվել են տեխնիկական որոշ հարցեր. «Օրինակ մեկը սիրողական անվանակարգում էր դիմել, ճանաչողական հանդիպմանը պարզվեց, որ հարուստ է գիտելիքներով, առաջարկեցինք մասնագիտացած անվանակարգ տեղափոխվել եւ նա համաձայնվեց»: Կազմկոմիտեն որոշել է, որոշակի տեխնիկական օգնություն (ԱԹՍ-ի դետալներ) տրամադրել դպրոցահասակներին:

Նման ճանաչողական հանդիպումներ էլի կլինեն, իսկ մրցույթի արդյունքը կամփոփվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում՝ ԱԹՍ-ների ցուցադրական թռիչքներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Մրցույթը կազմակերպվում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար»՝ «Ռեսպոնդրոն», ծրագրի շրջանակներում: