Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Արարատում, Արագածոտնում, Լոռիում

Տարվա ամփոփում Արարատում, Արագածոտնում, Լոռիում

254
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են 2021 թվականին կատարված աշխատանքը:

Արարատ

2021 թվականին Արարատի մարզում գրանցվել է 1 306 արտակարգ դեպք (2020 թվականին՝ 1 286), որոնց հետեւանքով զոհվել է 32 (2020 թվականին՝ 19), մարմնական վնասվածք ստացել 414 մարդ (2020 թվականին՝ 392): 736 տեխնածին դեպքերից 648-ը եղել է հրդեհ (2020 թվականին՝ 714)։

Տարվա ընթացքում մարզում անցկացվել են 1 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Մասնակի փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով, 3 շտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը», «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմաներով: Մարզի 5 կազմակերպությունում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ արտակարգ իրավիճակներում վթարավերականգնողական աշխատանքների եւ առաջին օգնության թեմաներով։ 45 համայնքում եւ 54 հանրակրթական ուսումնական հաստատությունում գործնական վարժանքը եղել է «Օդային տագնապի դեպքում բնակչության ազդարարում, տարհանում եւ պատսպարում» թեմայով։

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում իրականացվել են շրջայցեր, ուսումնասիրվել են արգելոցի ճանապարհները, դրանց անցանելիության վիճակը, տեղամասերում տեղադրված ջրի բաքերը եւ դրանց օգտագործման հնարավորությունները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն արգելոցի քարտեզագրման, արգելոցում հնարավոր հրդեհների դեպքում կապի միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք։ Կանխարգելիչ միջոցառումների մասով 20 համայնքում մաքրվել եւ կարգավորվել է 136 396 մ դրենաժ: Տարբեր համայնքներում տեղադրվել է 57 հրշեջ հիդրանտ, կառուցվել 87 ջրաղբյուր։

Արագածոտն

2021 թվականին Արագածոտնի մարզում գրանցվել է 823 արտակարգ դեպք (2020 թվականին՝ 846): Տեխնածին դեպքերի թիվը եղել է 392, որոնցից 294-ը՝ հրդեհ (2020 թվականին՝ 424): Մարզպետարանում անցկացվել են մեկական շտաբային եւ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, իսկ մարզի տարբեր համայնքներում՝ 30 շտաբային, 1 ցուցադրական հատուկ տակտիկական, 16 հատուկ տակտիկական, 2 օբյեկտային վարժանք։

Վարչության ծառայողները մարզի 68 համայնքի հետ ճշգրտել են քաղաքացիական պաշտպանության պլանները։ Անտառտնտեսության աշխատակիցներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հաստատվել է «Արագածոտնի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանը»: Անտառամերձ 7 համայնքում ստեղծված կամավոր հրշեջ-խմբերը պատրաստ են աշխատանքի։ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատում վերանորոգվել է պահեստային ավտոկայանատեղի տանիքը: Այժմ շինությունը կարող է ծառայել որպես ուսումնավարժությունների անցկացման շինություն եւ վարժանքների համար ծխապատ գոտի: Ընթացքի մեջ են Ապարանի ՀՓՋ-ի վարչական շենքի վերանորոգման աշխատանքները։

Մարզի փրկարարներն անցել են տարբեր առկա եւ հեռավար վերապատրաստման դասընթացներ։ 38 հոգի վերապատրաստվել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»։

Ընթացիկ տարվա առաջնահերթություններից է ավտոպարկի համալրումը, մասնավորապես՝ Աշտարակի ՀՓՋ-ին քարշակող հատուկ տեխնիկա, իսկ Թալինի ՀՓՋ-ին՝ ջրատար կամ մինչեւ 8 տոննա տարողությամբ հրշեջ-մեքենա։

Լոռի

2021 թվականին Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1 324 արտակարգ դեպք-պատահար (2020 թվականին՝ 1 176), որոնց հետեւանքով զոհվել է 47, մարմնական վնասվածք ստացել 1 053 մարդ։ Գրանցված 552 տեխնածին դեպքերից 325-ը հրդեհ է (2020 թվականին՝ 423)։

Տարվա ընթացքում մարզում անցկացվել են 1 հրամանատարաշտաբային, 33 շտաբային, 2 ցուցադրական, 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ 2 օբյեկտային վարժանքներ: 14 համայնքում եւ բնակավայրերում բնակիչները մասնակցել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով գործնական միջոցառումների։

Վարչության ենթակա ստորաբաժանումերը մայիս-հունիս ամիսներին իրականացրել են Լոռու մարզի վտանգավոր 9 տեղամասի քարաթափման աշխատանքներ։

Ընթացիկ տարում կարեւորվում է հատկապես հրշեջ տեխնիկան համալրելու հարցը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Այլ մարզեր.

Կոտայք

Գեղարքունիք եւ Տավուշ

Շիրակ եւ Վայոց ձոր