Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 173 մեքենա

Արգելափակումից հանվել է 173 մեքենա

1507
Տարածել

Մարտի 21-27-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 441 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 44 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 132 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիրր, Աջափնյակ, Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Նոր նորք վարչական շրջաններում, , Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Սյունիքում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 173 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 256 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառում­ների կազմակերպումը արտադրական օբյեկտներում», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման նախապատրասումը», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Արհեստանոցում առաջացած հրդեհի մարում եւ տարհանում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանք­ների կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջումը գազալցակայաններում», «Հրդեհաշի­ջումը բուժհաստատություններում», «Հրդեհաշիջում, հրդեհապատ եւ ծխապատ գոտուց մարդկանց տարհանում», «Հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում», «Նավթավերամշակման գործարանում առաջա­ցած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: