Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Գեղարքունիքում եւ Տավուշում

Տարվա ամփոփում Գեղարքունիքում եւ Տավուշում

2223
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են 2021 թվականին կատարված աշխատանքը:

Գեղարքունիք

2021 թվականին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 688 դեպք (2020 թվականին՝ 531), որոնց հետեւանքով զոհվել է 24 մարդ (2020 թվականին՝ 34), մարմնական վնասվածք ստացել 79-ը (2020 թվականին՝ 123): Ահազանգերից 204-ը եղել է հրդեհ (2020 թվականին՝ 169)։

Անցկացվել են հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից պատերազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով, շտաբային ուսումնավարժություն մարզպետարանում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով:

Մարզի 30 համայնքում փրկարարները մասնակցել են շտաբային ուսումնավարժությունների: 91 համայնքում եւ բնակավայրերում անցկացվել են գործնական վարժանքներ եւ դասախոսություններ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։ Թարմացվել է մարզի պաշտպանական կառույցների, ուժերի, միջոցների եւ տեխնիկաների վերաբերյալ տեղեկատվական բազան:

Ճշգրտվել են Գեղարքունիքի մարզի անտառտնտեսությունների «Անտառային հրդեհների արձագանքման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության», «Տարհանված բնակչության կենսապահովման գործընթացների նախապատրաստման եւ քաղաքացիական պաշտպանության» պլանները։ Կատարվել է մարզում առկա հրշեջ հիդրանտների, ջրավազանների եւ ջրածորակների վիճակի ուսումնասիրություն, տեղադրվել են նորերը։

Այսօր մարզում առկա 55 շչակն աշխատեցվում են ձեռքով միացման ռեժիմով: Մարզի ղեկավար կազմի եւ բնակչության ազդարարման համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքները ներառվել են մարզի առաջիկա տարիների սոցիալ տնտեսական զարգացման ծրագրում:

Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ իրականացվել են վարակազերծման աշխատանքներ։

Այս տարվա առաջնահերթություններից է Սեւանի հատուկ ջրափրկարարական, Սեւանի եւ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատների համար նոր շենքերի կառուցումը։

Տավուշ

Տավուշի մարզային փրկարարական վարչության «911» ահազանգման կենտրոնը գրանցել է 57 962 զանգ (2020 թվականին՝ 56 092), որոնցից 795-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ (2020 թվականին՝ 854)։ 509 տեխնածին դեպքերից 297-ը եղել է հրդեհ (2020 թվականին՝ 310):

Տարվա ընթացքում անցկացվել են մի շարք միջոցառումներ. Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի ակտիվացման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, «ՀԷՑ», «Գազպրոմ Արմենիա» ընկերություններում՝ վթարի եւ պայթյունի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների թեմայով վարժանքներ, ուսումնական հաստատություններում՝ հրդեհաշիջման, քաղաքացիական պաշտպանության, տարհանման եւ պատսպարման թեմայով վարժանքներ եւ դասախոսություններ, Երեւանի պետական համալսարանի ճամբարում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հանգստյան վայրում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ այլն։ Սեպտեմբերին Տավուշի քաղաքային որոնողա-փրկարարական թիմը մասնակցել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով 32 -ժամյա վարժանքին։

Փրկարարներն իրականացրել են Գետահովիտ համայնքում սողանքային գոտու սողանքային մարմնի տեղաշարժի հաշվարկներ, Ներքին Ծաղկավան, Աչաջուր, Վազաշեն, Ակնաղբյուր, Գետահովիտ, Դիլիջան եւ այլ համայնքներում սողանքային, իսկ Դովեղ, Տավուշ, Մովսես, Արծվաբերդ, Այգեձորեւ այլ բնակավայրերում՝ քարաթափման գոտիների ուսումնասիրություն։

Տարվա ձեռքբերումներից են Բերդ համայնքի Չինչին, Նավուր, Իծաքար, Վերին Ծաղկավան եւ Վարագավան բնակավայրերում Ս-40 մոդելի 5 նոր ազդարարման շչակ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ