Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Շիրակում եւ Վայոց ձորում

Տարվա ամփոփում Շիրակում եւ Վայոց ձորում

2261
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են 2021 թվականին կատարված աշխատանքը:

Շիրակ

Գրանցվել է 80 993 զանգ, (2020 թվականին՝ 82 616 զանգ), որոնցից 671-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ (2020 թվականին՝ 587)։ Զոհվել է 34, վիրավորվել 517 մարդ։ 523 տեխնածին դեպքերից 303-ը հրդեհի դեպքերն են (2020 թվականին՝ 227)։ Ինչպես փաստում է վիճակագրությունը, հրդեհների զգալի մասը արձանագրվել է խոտածածկ տարածքներում։

Իրականացվել են 2 մարզային եւ 30 համայնքային շտաբային ուսումնավարժություն։ Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել 13 ուսումնական հաստատությունում: Մի շարք կազմակերպությունների տարածքային մասնաճյուղերի՝ «Վեոլիա ջուր», «ՀԷՑ», «Գազպրոմ Արմենիա», «Մերձմոսկովյան» եւ այլն, ցուցաբերվել է մեթոդական օգություն՝ հատուկ տակտիկական ուսսումնավարժոթյոնների անցկացման համար։

Հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի նախկին բամբակամանվածքային ֆաբրիկայի տարածքում անցկացվել է «Երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Եղել են նաեւ արտապլանային միջոցառումներ․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպվել է բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման 20 վարժանք, երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնների իրազեկման նպատակով 34 ուսումնական հաստատությունում կազմակերպվել է դասախոսություն։

«Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը մասնակցել է INSARAG-ի ներքին որակավորում անցած մարզի քաղաքային որոնողափրկարարական թիմի 32-ժամյա դաշտային վարժանքի։

Մարզում ստեղծվել է 49 հրշեջ-փրկարարական թիմ, որոնցում ընդգրկված է 344 բարձր դասարանի աշակերտ՝ 52 դպրոցից։ Անտառամերձ 38 բնակավայրում ստեղծվել են 45 հրշեջ խմբեր` 305 կամավորով։

Քաղաքացիական պաշտպանության ոլորտի բարելավվման նպատակով փրկարարներն ուսումնասիրել են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների եւ կազմակերպությունների 451 եւ 17 կազմակերպությունների նկուղային հարկեր։

Տարվա ձեռքբերումները

Ախուրյանի եւ Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն ծառայություն են իրականացնում նորակառույց շենքերում։ Շինարարությունն ավարտվել էր 2021 թվականի սեպտեմբերին։ Աշոցքի ՀՓՋ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները մի քանի ամիս առաջ են մեկնարկել։

Տարվա առաջանահերթություններից է Ամասիայի ՀՓՋ-ի շենքը, որը պետք է վերանորոգվի եւ բարեկարգվի՝ ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Նույնը վերաբերում է նաեւ ավտոտնակներին։ Նոր շենքի կառուցման տարածք ձեռք բերելու համար քննարկում են եղել Ամասիա համայնքի ղեկավարության հետ:

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության «911» ահազանգման կենտրոնը 22 182 զանգ է ստացել (2020 թվականին՝ 21 809), որոնցից 633-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ (2020 թվականին՝ 590): 240 տեխնածին դեպքերից 144-ը եղել է հրդեհ (2020 թվականին՝ 193)։

Տարվա ընթացքում Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի վտանգավոր հատվածներում իրականացվել են հարկադիր քարաթափումներ։ Մարզային փրկարարական վարչության աշխատակիցները վայրի բնության եւ մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ «Մոզրովի» եւ «Արջերի» քարանձավներում իրականացրել են քարաթափման վտանգների ուսումնասիրության աշխատանքներ։

Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ Եղեգնաձորի եւ Վայքի հիվանդանոցներին, նախադպրոցական եւ ուսումնական մի շարք հաստատություններին ցուցաբերվել է համապատասխան մեթոդական օգնություն։

Վարչության աշխատակիցներն իրականացրել են հակաճառագայթային թաքստոցների եւ պաշտպանական կառույցների վիճակի ուսումնասիրություն։ Տարվա ընթացքում համայնքները ձեռք են բերել 18 Ս-40 տեսակի էլեկտրաշչակ։

Փրկարարները վերապատրաստվել են «Հայկական կարմիր խաչի ընկերության», «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների դասընթացների շնորհիվ։

Հրապարակման պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Այլ մարզեր՝

Կոտայք

Գեղարքունիք եւ Տավուշ