Գլխավոր Միջոցառումներ Համայնքային վարժանքները շարունակում են մնալ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում

Համայնքային վարժանքները շարունակում են մնալ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում

3417
Տարածել

Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Խաշթառակ համայնքներում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի խոսքով՝ համայնքները պատրաստակամ են ակտիվ համագործակցելու, միջոցառումները կազմակերպվում են առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ներգրավվում են տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական եւ նախակրթական հաստատությունների անձնակազմը, համայնքներում գործող կազմակերպությունները եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս շրջանում ազատ են գյուղատնտեսական աշխատանքներից։

Ազդարարման խնդիրները համայնքներում գրեթե նույնն են։ «Կան գյուղեր, որոնց փռվածության պատճառով շչակի ուժգնությունը չի բավարարում․ այդ դեպքում տեղափոխություն ենք անում, թույլերը փոխարինում ենք ուժեղներով»,- մանրամասնում է բնակչության պաշտպանության բաժնի պետը։

Շչակների գործարկման մասին նախապես հաղորդվում է սոցիալական հարթակներով, տեղում փրկարարներն ուսումնասիրում են բնակչության գործողությունները, ՏԻՄ-երին ցուցաբերում մեթոդական օգնություն՝ պաշտպանական կառույցների պահանջների, տարհանման գործընթացի, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց հաշվարկների, երթուղիների եւ այլնի վերաբերյալ։

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում պաշտպանական կառույցների վիճակի բարելավմամբ շահագրգռված են նաեւ միջազգային կառույցները։ Վիկտոր Աբազյանի խոսքով՝ վերջերս «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ ընտրվել է մի քանի սահմանամերձ համայնք, որոնց կհատկացվեն լուսավորման սարքեր, պատգարակներ, բարձրախոսներ, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։

Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ Նարեկ Սաֆարյանը