Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ

1434
Տարածել

Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատում նաև իգական սեռի 3 ներակայացուցիչ է աշխատում: Լիանա Թևանյանին ջոկատում կարելի է տեսնել ամեն օր՝ նույնիսկ արձակուրդի օրերին: «Կապված է ինչպես ջոկատին, այնպես էլ իր համազգեստին»,- փաստում են գործընկերները: «Էությամբ այսպիսին եմ… չեմ սիրում նվեր ստանալ, սիրում եմ ինքս նվիրել ու մարդկանց ձեռք մեկնել: Ինքնակամ եմ մտել այս համակարգ և արդեն մոտ 11 տարի է՝ իմ աշխատավայրն իմ երկրորդ տունն եմ դարձրել: Փոքր տարիքից սիրել եմ համազգեստը, հորեղբայրս՝ Ալեքսանդր Թևանյանը, Արցախյան գոյամարտի մասնակից էր, հարգանքն ու սերը դեպի համազգեստը դեռ վաղուց է իմ մեջ եղել»,- պատմում է տեխնիկ-երկրաբան Լիանան, որը սկզբնական շրջանում աշխատել է որպես օպերատոր,  այնուհետև  հրշեջ-փրկարարի գործը ստանձնել: Աշխատավայրին ամենամոտն է ապրում, գիշերվա ժամերին էլ ցանկացած հարցի դեպքում առաջիններից է ջոկատ հասնում: «Հիմնականում կապն ենք հաստատում, դեպքի վայրում նկարահանումներ անում: Ամեն մի դեպքի ժամանակ լարվում, անհանգստանում ես, հատկապես  ցավ ես ապրում, երբ հարցը երեխաներին է վերաբերում: 2015-ին 4-ամյա  մի երեխա  ընկել էր Ողջի գետը, հաջորդ առավոտյան  ենք գտել դին, հուզմունքն այդ պահին անկարող ես  թաքցնել, բայց միևնույն ժամանակ  փորձում ես ուժեղ գտնվել»,- ընդգծում է փ/ծ ավագ սերժանտ Լիանան: Նրա հետ նույն տարեթվին աշխատանքի է անցել նաև Նաիրա Մելքոնյանը, որը փրկարարական ընտանիքում է մեծացել: Նրա պապը՝ Հրաչ Բաղդասարյանը, նախկինում Քաջարանի հրշեջ մասի պետն է եղել, մայրը, հայրը և եղբայրը նույնպես նույն համակարգում են աշխատել: «Իմ ընտանիքը լավագույն օրինակն է եղել ինձ համար: Փոքրուց պապիս կերպարն ունենալով աչքիս առաջ՝ միշտ գիտակցել եմ փրկարար գործի կարևորությունն ու ուսերի վրա կրող պատասխանատվությունը: Երբևէ չեմ աշխատել, ամուսինս դեմ է եղել, բայց երբ իմացավ, որ այս համակարգում պետք է աշխատեմ, համաձայնեց: Պատասխանատու գործ է. մեկ րոպե առաջ մեքենա հանելը, ժամանակին դեպքի վայր  հասնելը… ամբողջ ընթացքում մտածում ես, որ չուշացնես հանկարծ: Նույնիսկ տանն եմ քննարկում դեպքերը, մտածում՝ որն էր ճիշտ, գուցե այլ կերպ պետք է լիներ: Տագնապի ժամանակ՝ գիշեր լինի, թե ցերեկ, ներկայանում ենք, տանը գիտեմ  ծառայությունն ինչ բան է»,- ասում է 2 երեխաների մայր, ավագ սերժանտ, հրշեջ-փրկարար Նաիրան, թվարկում ինչ տեսակի կանչերի են արձագանքում ջոկատում, և ուրախությամբ փաստում, որ իրենց դիմած և ոչ մի քաղաքացու անօգնական չեն թողել, ինչի շնորհիվ էլ այսօր հանքագործների քաղաքում մեծ հարգանքով են վերաբերվում և գնահատում յուրաքանչյուր փրկարարի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կապան — Երևան