Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 200 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 200 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2116
Տարածել

2022 թվականի փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 657 զանգ:

Հրդեհների քանակն այս շաբաթ զգալիորեն աճել է՝ հրշեջ փրկարարները հրդեհի վերաբերյալ 12 կանչ են սպասարկել՝ 2-ը բնակելի շինությունում, 2-ը տրանսպորտում, 4-ը աղբանոցներում եւ 4-ը չոր խոտածածկ տարածքներում: Բարեբախտաբար արձանագրված հրդեհի դեպքերից տուժածներ չկան։

Անցած շաբաթ գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները 10 փակ դուռ են բացել, երկու կանչով խափանված վերելակներից ազատել արգելափակված քաղաքացիներին: Առողջական խնդիր ունեցող 9 քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար՝ որից 2-ը Ստեփանակերտում, 1-ը Մարտունիում: ԱԻ պետական ծառայության փրկարարները ժամանակին արձագանքել են, բոլոր դեպքերին՝ բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները:

Փրկարարական ջոկատները Արցախի Մարտունու շրջանում իրականացրած որոնումների արդյունքում հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ: Անցած շաբաթ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից հայտնաբերվել եւ վնասազերծվել է 45 պայթուցիչ, հրթիռակասետային 59 ռումբ, ականանետի 6 ական, 60 արկ, 1 հրթիռ եւ նռնականետի 26 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն