Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ամառային վտանգներ. Հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

Ամառային վտանգներ. Հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

4413
Տարածել

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը: Հայաստանի անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանն ընդգրկում է անտառում ձյունածածկի վերացման պահից մինչեւ նոր ձյունածածկ գոյանալը, իսկ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանը` հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Ներկայումս աշխարհում տարեկան ավելի քան 200 հազար անտառային հրդեհ է արձանագրվում: Այս թիվը տարեցտարի մեծանում է: Հետեւաբար, աճում է նաեւ այդ հրդեհների պատճառած ուղղակի եւ անուղղակի վնասի չափը: Անտառային հրդեհների դեմ պայքարի արդիականությունը չի նվազում: Այս հրդեհների հետեւանքով վերանում են անտառային ռեսուրսներ` ֆլորան, ֆաունան, վնասվում է հողաշերտը, աղտոտվում մթնոլորտը, շարքից դուրս են գալիս անտառամերձ բնակավայրերի կապի ու էլեկտրահաղորդման գծերը, փայտաշեն կամուրջներ, գյուղատնտեսական ցանքատարածություններ եւ այլն: Չնայած վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը այնուհանդերձ, անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդն է: Շատ կարեւոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային հրդեհների կանխարգելման համար արգելվում է` 

1.Վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով:

2. Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ: 

3. Որսի համար օգտագործել դյուրավառ եւ մարմրող նյութերից փամփուշտի խիցեր:

4. Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` առանց շարժիչն անջատելու:

5. Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ: 

6. Ծխել եւ օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում:

7. Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ): 

8. Արեւով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներր: 

9. Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) եւ այլն: 

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձեւով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով, որ այն տարածվի դեպի ծառերի բներն ու սաղարթները: Նախ հաստատ համոզվել, որ կրակը մարել է ու էլ չի բորբոքվի, նոր մի այն հեռանալ: Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը փակել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ՝ հրդեհի տեղի ու ժամանակի, հնարավոր պատճառների մասին հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` անտառում հանգստանալ ցանկացողներին եւ տեղացիներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: 

Որքան էլ ցավալի է, դեռեւս քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում կատարում են իրենց պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ եւ մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն եւ տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: Հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահել մեր կանաչ բարեկամին` անտառը, նրան զերծ պահել ամենավտանգավոր թշնամուց` կրակից: Անտառը համաժողովրդական սեփականություն է, ամենքիս հարստությունը:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ