Գլխավոր Վերլուծություն Հանուն պոչամբարների անվտանգության

Հանուն պոչամբարների անվտանգության

1759
Տարածել

Այս տարվա փետրվարին Հայաստանի Լոռու եւ Սյունիքի մարզերի 10 համայնքում մեկնարկել է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը: Նախաձեռնության հեղինակը Եվրոպական միությունն է, ներգրավված են մասնագետներ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Կիպրոսի եվրոպական համալսարանից, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հետազոտական կենտրոնից եւ Աթենքի ազգային աստղադիտարանից: Ծրագրի նպատակն է աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության միջոցով բարձրացնել համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ: Ծրագրի իրականացման համար ընտրված է ջրհեղեղների ռիսկն ու հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոչամբարների անվտանգությունը: Նման պոչամբարներ կան թե Սյունիքում, թե Լոռիում, ու հենց այս պատճառով ծրագիրը կիրականացվի այս մարզերում:

Ծրագրի թիրախներ են.

– Որոտանի կասկադի ջրամբարների հնարավոր ջրածածկման համայնքները,

– Կապան քաղաքը, որը Գեղիի ջրամբարի պատվարների փլուզման հետեւանքով կջրածածկվի,

– Արծվանիկի եւ Գեղանուշի պոչամբարները, որոնց պատվարների փլուզման դեպքում կառաջանա արտահոսք դեպի բնակելի տարածքները, կփակվի Ողջի գետի հունը եւ ջրի բարձրացման հետեւանքով կառաջանա համայնքների ջրածածկում,

– Ախթալայի պոչամբարները, որոնց պատվարների վթարի դեպքում կվտանգվի Դեբեդ գետի ջուրը եւ վտանգի տակ կհայտնվի ոչ միայն քաղաքը, այլ նաեւ Դեբեդ գետի երկայնքով տեղակայված բնակավայրերը:

ԱՌՆԱՊ տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով, «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրով կտեղայնացվի այլ երկրների լավագույն փորձը՝ վասն համայնքի դիմակայունության բարձրացման: Շահառու համայնքներում ստեղծվելու են վաղ ազդարարման համակարգեր, մշակվելու են տարհանման պլաններ, իրականացվելու է համայնքների բնակչության ուսուցում, կազմակերպվելու են վարժանքներ՝ համայնքը պիտի կարողանա ճիշտ արձագանքել վտանգին: Արդյունքում ամբողջանալու է «Ազդանշան-ճիշտ արձագանքում-տարհանում-կորուստների կրճատում» շղթան:

«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը ավարտվելու է 2020 թվականի հունվարին: Չի բացառվում, որ հաջող փորձը տարածվի նույն ռիսկին ենթակա այլ մարզերում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ