Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել է փրկարար ծառայության հիմնական միջոցառումների պլանը

Հաստատվել է փրկարար ծառայության հիմնական միջոցառումների պլանը

2354
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանը; Ըստ դրա, կկազմակերպվի մոտ 200 միջոցառում: Ինչպես եւ նախորդ տարիներին փրկարարները կաշխատեն հետեւյալ ուղղություններով. հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային վարժանքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելում եւ հետեւանքների վերացում, քաղաքացիական պաշտպանության, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման միջոցառումներ, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգերի եւ համակարգչային ծրագրերի ներդրում եւ կատարելագործում եւ այլն:

Օրինակ Տավուշում կկազմակերպվի «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը Հովք բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում» հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, Երեւանում եւ Շիրակում՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի օդանավակայանների եւ պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, Երեւանում եւ բոլոր մարզերում՝ «Կարճ հաղորդագրություններով պաշտոնատար անձանց իրազեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, հայկական ատոմակայանի աշխատակիցների հետ համատեղ կկազմակերպվեն համակայանային հակավթարային եւ հակահրդեհային վարժանքներ, իսկ շվեյցարիացի գործընկերների հետ համատեղ կկազմակերպվեն «Վարժանքի վերահսկում եւ կառավարում» թեմայով դասընթաց եւ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ թիմի վերաորակավորման նախավարժանք: Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Շիրակում կկազմակերպվեն ՔՈՓ թիմերի 32-ժամյա վարժանքներ, նույն մարզերում կվերապատրաստվեն մարզային ճառագայթային, քիմիական, կենսաբանական միջադեպերին արձագանքման թիմերը, բոլոր մարզերի ճգնաժամային կառավարման կենտրոնների անձնակազմերի համար կանցկացվեն ճգնաժամային կառավարման, ահազանգերի սպասարկման, երկրատեղեկատվական համակարգերի, հոգեդիագնոստիկայի թեմաներով վերապատրաստման դասընթացներ, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում կիրականացվի տարբեր պետական կառույցներում՝ (նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, նախարարություններ, մարզպետարաններ եւ այլն), Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի համայնքներում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն էլ սեփական աշխատանքային ծրագրեր են մշակում եւ հաստատում: Այդ մասին՝ առաջիկայում: