Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լվացքի պարանի կառուցատարրի վրա հայտնված կինը փրկվել է

Լվացքի պարանի կառուցատարրի վրա հայտնված կինը փրկվել է

2367
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 240 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 81 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ կանչ:

Փրկարարները 106 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Աջափնյակ, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռու եւ Վայոց ձորի մարզերում։

Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 18 մարդ:

Այլ կանչեր

Երեւանի Սուրենյան փողոցի շենքերից մեկում արտակարգ դեպք է գրանցվել․ 20-ամյա կինը հայտնվել է 6-րդ հարկի բնակարանի պատշգամբի լվացքի պարանի երկաթե կառուցատարրի վրա։

Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Արաբկիրի ՀՓՋ փրկարարները պարանների օգնությամբ տանիքից մոտեցել են քաղաքացուն, ապահովել նրա անվտանգությունը, ապա իջեցրել ավտոսանդուղքով։ Կինը հոսպիտա­լացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին ժայռաբեկորը պոկվել եւ ընկել էր ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի։ Փրկարարների նախնական հաշվարկով՝ տեղի էր ունեցել մոտ 2-3 խորանարդ մետր հողի շերտի հոսք։ «Եղեգնաձորի ՃՇՇ» ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ մաքրել եւ հեռացրել էին հողազանգվածը, թափված քարերը։

Հրդեհ էր բռնկվել  Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 14 հան­րա­կացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այրվել էր սենյակի գույքը, ջերմահարվել էին 13 բնակարանների դռներ։ Դեպքի վայրում փրկարարները պարզել էին, որ նույն հարկում կա 26 բնակարան՝ 72 բնակչով։ Ծխապատ գոտուց տարհանվել էր 10 բնակիչ, որոնցից 8-ը՝ ավտո­սան­դուղ­քով։