Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

2406
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբեր ամսին իրականացրել են 2232 ելք. 1245 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 599 ելք՝ կենցաղային կանչ, 96 ելք՝ կեղծ ահազանգ, 292՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 20,1 տոկոսով կամ 374-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 34 մարդ (այդ թվում՝ 6 կին), տուժել` 1071 մարդ (այդ թվում՝ 313 կին եւ 170 երեխա): Փրկարարները 30 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի հոկտեմբերի համեմատ զոհվածների եւ  տուժածների թվաքանակներն աճել են, համապատասխանաբար՝ 1-ով (3 %) եւ 169-ով (18,7 %): Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 97,3 տոկոս, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 975 ահազանգ (2018 թվականի հոկտեմբերին՝ 860 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 790 դեպքում (2018 թվականի հոկտեմբերին՝ 691 դեպք): 24 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 84 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2019 թվականի հոկտեմբերին գրանցվել է հրդեհի 77 կեղծ ահազանգ: Հրդեհներից զոհվել է 3, տուժել 2, փրկվել 1 մարդ:

Հրդեհների կեսից ավելին՝ 482 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 96, առանձնատուն՝ 58, տրանսպորտային միջոց՝ 47, տնակ, ավտոտնակ՝ 25, բնակելի շենք՝ 21, անասնակեր՝ 7, եւ այլն:

Հոկտեմբեր ամսին հրդեհների 62,2 տոկոսը՝ 491 դեպք, գրանցվել է քաղաքներում, 37,8 տոկոսը՝ 299 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 109-ով, գյուղական հրդեհներինը նվազել 10-ով:

Երեւանում գրանցվել է 276 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքում՝ 120 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքում՝ 20: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 46 եւ գյուղերը՝ 74, ամենաքիչը՝ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի քաղաքները՝ 7-ական եւ Սյունիքի գյուղերը՝ 3 հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 491 ՃՏՊ՝ 80-ով ավելի քան նախորդ տարվա հոկտեմբերին: ՃՏՊ-ների կեսը՝ 244 դեպք, բախումներն են: 127 դեպք՝ մարդկանց վրաերթ, 51 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 69 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 22, տուժել՝ 620 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի համեմատ, զոհվածների թվաքանակը  նվազել է 6-ով, տուժածներինն աճել 79-ով:

Մարդկանց թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 408 թունավորում, զոհվել է 3, տուժել՝ 448 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են թունավորումների, դրանցից զոհվածների, տուժածների թվաքանակներ՝  համապատասխանաբար 72-ով, 1-ով, 91-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 141 դեպք, դեղորայք՝ 89 դեպք, քիմիական նյութեր՝ 74, սննդամթերք՝ 21 դեպք, շմոլ գազ՝ 25 դեպք եւ այլն: Թունավորումների մեծ մասը՝ 68,1 տոկոս կամ 278 դեպք գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 43 թունավորում, ամենաքիչը Սյունիքը՝ մեկ թունավորում:

Այլ դեպքեր

2019 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել են 9 փլուզում, 5 պայթյուն, 3 քարաթափում, մեկական սողանք, հեղեղում, վայրի կենդանիների հարձակում, հոշոտում, դարափուլ (փլվածք, նստվածք) եւ այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր