Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

2306
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբեր ամսին իրականացրել են 2463 ելք՝ 12-ով պակաս քան 2018-ի սեպտեմբերին: 1279 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 656 դեպքում՝ կենցաղային կանչ, 119` կեղծ ահազանգ, 409՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 29 մարդ (այդ թվում՝ 4 կին, 2 երեխա), տուժել՝ 486 մարդ (այդ թվում՝ 316 կին եւ 170 երեխա): Փրկարարները 41 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 12-ով, տուժածների թվաքանակն աճել 97-ով: Ինչպես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2019-ի սեպտեմբերին էլ արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 95,3 տոկոսը հրդեհները, ՃՏՊ-ներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 1058 ահազանգ (2018 թվականի սեպտեմբերին` 1319 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 831 դեպքում (2018 թվականի սեպտեմբերին` 1133 դեպք): Հրդեհներից տուժել է 14 մարդ: 93 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի սեպտեմբերին՝ 97), 93-ում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտի, իսկ 41 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Ամենաշատ հրդեհներ գրանցվել են բուսածածկ տարածքներում՝ 512 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 92 դեպք, առանձնատուն՝ 57 դեպք, բնակելի շենք՝ 44 դեպք, տրանսպորտային միջոց՝ 32 դեպք, տնակ-ավտոտնակ՝ 24 դեպք, անասնակեր՝ 8 դեպք եւ այլն: Երեւանում գրանցվել է 365 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 155 հրդեհ, ամենաքիչը՝ Տավուշը՝ վեց հրդեհ: Քաղաքներում գրանցվել է 534 հրդեհ, գյուղերում՝ 297: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա հա­մեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 122-ով, գյուղական հրդեհներինը՝ 180-ով: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաքիչը տուժել են Գեղարքունիքի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Տավուշի գյուղերը՝ երկու հրդեհ, ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքի քաղաքներում՝ 56 եւ գյուղերում՝ 99:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի սեպտեմբերին գրանցվել է 508 ՃՏՊ: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ՃՏՊ-ների քանակն աճել է 90-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 48,6 տոկոս կամ 247 դեպք՝ բախումներն են: 133 դեպք՝ վրաերթ, 58 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 70 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 25, տուժել՝ 685 մարդ: 2018 թվականի սեպտեմբերի համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 10-ով, իսկ տուժածներինն աճել 87-ով:

Թունավորում

2019 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է 406 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 416 մարդ: 2018 թվականի սեպտեմբերի համեմատ թունավորումների քանակն աճել է 21-ով, տուժածներինը՝ 9-ով, զոհվածների թվաքանակը մնացել է նույնը: Թունավորումների մեծ մասը՝ 277 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում:  Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 39 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ մեկ դեպք:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 135 դեպք, դեղորայք՝ 93 դեպք, քիմիական նյութեր՝ 62 դեպք, սննդամթերք՝ 25 դեպք եւ այլն:

Այլ դեպքեր

2019 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է 7 փլուզում, 2 պայթյուն, 10 քարաթափում, 2 ուժեղ քամի, 5 ուժեղ կարկուտ, վայրի կենդանիների 8 հարձակում, 1 կայծակ, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս