Գլխավոր Միջոցառումներ Հավասար հնարավորություններ՝ բոլորի համար

Հավասար հնարավորություններ՝ բոլորի համար

2556
Տարածել

Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հանրապետությունում հայտարարվել է ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության մեկամսյակ։ Նպատակը՝ բարձրացնել հաշմանդամության հիմնախնդիրների մասին իրազեկվածությունը եւ ստեղծել հավասար հնարավորություններ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին պետական կառույցներից էր, որը կարեւորեց սայլակավոր հաշմանդամների ներառումը մարդկանց փրկության եւ աղետների ռիսկերի նվազեցման գործում։ Այսօր նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատում է 40 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 15-ը՝ կին։

Կիսելով նույն գաղափարախոսությունը ՝ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունը, ի դեմս վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի, դեկտեմբերի 2-ին նախաձեռնել էր կլոր սեղան քննարկում Լոռու մարզպետի, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչների, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների եւ ծառայողների մասնակցությամբ։

Ներկայումս Հայաստանում բնակվում է հաշմանդամություն ունեցող մոտ 200 հազար մարդ։ Լոռու մարզում՝ 16 496 հոգի, այդ թվում՝ 678 երեխա։

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի եւ իրավունքների պաշտպանության «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպության հիմնադիր, Լոռու մարզի ռադիոլոկալ հակակարկտային կայանի առաջին կարգի մասնագետ Մարինե Ասատրյանը հանդիպման ընթացքում խոսեց ՀՈՒԱ կրթության, աշխատանքի եւ այլ կարիքների բավարարման մասին, որը շատ հաճախ որպես բարեգործություն է ընկալվում, ոչ թե՝ մարդու իրավունքի ապահովում։ Չկան իրավահենք մոտեցումներ, որոնք հնարավորություն կստեղծեն հաշմանդամների համար՝ ապրելու անկախ եւ ներառվելու համայնքում։ Մյուս կողմից ՀՈՒԱ ցածր իրազեկվածությունն իրենց իրավունքների մասին թույլ չի տալիս դրանք լիովին իրացնել։

Բարձրացվեց նաեւ զբաղվածության, հետիոտնի անցումների բացակայության, անմատչելիության խնդիրը, որը, Մարինեի խոսքով, բերում է ՀՈՒԱ կատարյալ մեկուսացման։ Շատ դեպքերում թեքահարթակները ձեւական են, քանի որ դրանք նորմերին չեն համապատասխանում։ ՀԿ հիմնադիրը համոզված է՝ բարձր տուգանք սահմանելու դեպքում թե՛ դեղատները, թե՛ բանկերը, թե՛ հանրային օբյեկտները կնախընտրեն քիչ ծախսել, փոխարենը նորմալ թեքահարթակ կառուցել։

ՀՈՒԱ նկատմամբ խտրական մոտեցում կա նաեւ բուժհաստատություններում։ «Սպիտակի բուժկենտրոնում, չնայած գործիքային համալրմանը, դեռեւս առկա չէ հետազոտությունների մատչելիություն, բուժանձնակազմը չի տիրապետում հիվանդի հետ շփման էթիկական կանոնների։ Կառավարության գործողությունների մասով վերջին տարիներին դրական շարժ կա, սակայն սա բավարար չէ։ Յուրաքանչյուրս պետք է հետեւողական լինենք այս հարցում»,- նշեց մասնագետը։

ՀՈՒԱ խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող «Հեղինե Շեյխա» ՀԿ հիմնադիր, ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Հեղինե Մովսիսյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող երեխաների ներառականության մարտահրավերները Լոռու մարզում։ Առաջարկ եղավ դպրոցներում բարձրացնել ՀՈՒԱ իրավունքների մասին գիտելիքի մակարդակը ուսուցիչների եւ ոլորտի մասնագետների միջոցով։

Մատնանշելով Լոռու մարզային փրկարարական վարչության 6 հաշմանդամ աշխատակցին՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը նկատեց, որ նրանցից միշտ սովորելու բան կա, առաջին հերթին՝ կամք, պայքարի ուժ։ «Երբ տեսնում ես՝ ինչպիսի սառնասրտությամբ, միաժամանակ՝ հոգատարությամբ են մեծ ցավ հաղթահարած այս մարդիկ պատասխանում ահազանգերին, պատասխանատվությամբ վերաբերում իրենց աշխատանքին, «ստիպում» հարգել իրենց ինքնասիրությունը՝ չնայած տեղաշարժման դժվարություններին, հասկանում ես, որ նրանք անփոխարինելի են»,- նշեց վարչության պետը եւ հավելեց, որ հանդիպման ավարտին մարզպետը խոստացել է հետեւել նոր կառուցվող շենքերի նախագծերում թեքահարթակներ նախատեսվեն ։

Մեկամսյակի շրջանակում նախատեսվում են նաեւ հանդիպումներ եւ վարժանքներ Լոռու մարզի տարբեր դպրոցներում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ