Գլխավոր Վերլուծություն Դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման նոր մոտեցումներ

Դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման նոր մոտեցումներ

2333
Տարածել
The Adripina Seda public school stands partially collapsed after an earthquake struck Guanica, Puerto Rico, Tuesday, Jan. 7, 2020. A 6.4-magnitude earthquake struck Puerto Rico before dawn on Tuesday, killing one man, injuring others and collapsing buildings in the southern part of the island. (AP Photo/Carlos Giusti)

2013 թվականին «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման եւ երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայաստանի քաղաքաշինության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների նախարարությունները կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որով պարտավորվում են աջակցել ՀՀ կառավարությանը դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների անվտանգության համընդհանուր գնահատման իրականացման գործում։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ 2014-2015 թթ․ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարեց Հայաստանի 20 տիպարային դպրոցի նախագծերի վերլուծություն, 60 դպրոցի ակնադիտական եւ գործիքային մանրամասն հետազննություն։ Քննարկումների արդյունքում «ամենառիսկային» դպրոցների ընտրության նպատակով մշակվեց «Սեյսմիկ անվտանգության գնահատման սանդղակ»։

2015 թվականին կառավարությունը դեկտեմբերի 3-ի թիվ 1426-Ն որոշմամբ հաստատեց  պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրից (2015-2030 թթ․) բխող 2015-2020 թթ․ ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում։ Արդեն 2016 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համակարգմամբ՝ դպրոցների տնօրենների տրամադրած տեղեկության հիման վրա իրականացվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության նախնական եւ արագ գնահատում, ստեղծվեց ընդհանուր տվյալների բազա։

2019 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը մեկնարկեց «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը» ծրագիրը։ 

Ծրագրի շրջանակում ԱՌՆԱՊ հիմնադրամը եւ «Սեյսմանախագիծ» ՍՊԸ-ը կնքել են պայմանագիր, որի համաձայն իրականացվել է

  • ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության գոյություն ունեցող սանդղակի մշակում

Դեռ 2015 թ․ կառավարության հուլիսի 13-ի թիվ 797 որոշմամբ հաստատվել էին սեյսմիկ անվտանգության տեսանկյունից դպրոցներին տրվող գնահատականները՝ ցածր, միջին եւ բարձր։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի մոտ 1400 դպրոցից 377-ն անվտանգության ցածր մակարդակ ունի։

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Միջազգային կոնսորցիումը՝ ԱՄՆ-ի AIR Worldwide Corporation-ը, Իտալիայի Global Earthquake Model Foundation-ը եւ Հայաստանի «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերությունը, 2018 թվականին մշակեց Հայաստանի  տարածքի սեյսմիկ վտանգի հավանական գոտիավորման նոր քարտեզը, որի համաձայն՝ մեծացել է Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը։

2017 թվականին վերանայվեց դպրոցների գնահատման մեթոդաբանությունը․ որոշվեց առաջին հերթին հրաժարվել բարձր սեյսմիկ խոցելիության ցուցանիշ ունեցող դպրոցների շահագործումից, ինչպես նաեւ հաշվի առնել միջին եւ ցածր սեյսմիկ խոցելիություն ունեցող դպրոցների մասնաշենքերի ուսումնական տարածքների բավարար լինելը՝ մեկ աշակերտին 2.5 քմ։ Այս չափորոշիչներով ընտրվեց 425 դպրոց։

Սեյսմիկ անվտանգության գնահատման նոր սանդղակը տարբերվում է նախորդից․ յուրաքանչյուր ցուցանիշի համար ընտրվել է համապատասխան կշիռ՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքի եւ դպրոցի սեյսմիկ վտանգի ցուցանիշները, տիպարային դպրոցների կոնստրուկտիվ լուծումների եւ սեյսմիկ խոցելիության առաձնահատկությունները, աշակերտների քանակը, դպրոցի կառուցման տարեթիվը՝ մինչ Սպիտակի երկրաշարժը եւ դրանից հետո, դպրոցի փաստացի տեխնիկական վիճակը, երկրորդական վտանգները՝ քարաթափում, սողանք եւ այլն, դպրոցներին հարակից շինությունների, օբյեկտների սեյսմիկ խոցելիությունը եւ այլն։

Նոր սանդղակի մշակման ժամանակ մասնագետները կրկին բախվել էին նույն խնդրին՝ առայսօր չկան յուրաքանչյուր դպրոցի տարածքի գրունտի կարգի վերաբերյալ հստակ տվյալներ։

  • Դպրոցական շենքերի մաշվածության (տեխնիկական վիճակի) արագ գնահատման համար ուղեցույցի մշակում եւ ուսուցում

Այս ուղեցույցը նախատեսված է շինարարության բնագավառում մասնագիտական գիտելիքներ չունեցող անձանց՝ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար։ Ներգրավված են նաեւ բարձրդասարանցիները, որոնք կկարողանան ստացած գիտելիքով մակերես հաշվել եւ տոկոսներով խնդիրներ լուծել։ Դասընթացներ են կազմակերպվել Ամասիա, Բերդ, Թումանյան եւ Ալավերդի խոշորացված համայնքների 52 դպրոցի ներկայացուցիչների համար հետեւյալ թեմաներով՝ «Շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատման ուղեցույցը», «Դպրոցի մասնաշենքերի ոչ կրող կոնստրուկտիվ տարրերի ֆիզիկական մաշվածության գնահատման մեթոդաբանությունը», «Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի լրացման ուղեցույցը» եւ այլն։ Դասընթացների մասնակիցները ստացել են հանձնարարականներ եւ  արդյունավետ կերպով կազմել հաշվետվություններ։

  • Ամասիա, Բերդ, Թումանյան եւ Ալավերդի խոշորացված համայնքներում դպրոցական շենքերի ակնադիտական հետազննության արդյունքների ամփոփում

Որպես պիլոտային տարածքներ՝ ընտրվել է Ամասիա, Բերդ, Թումանյան եւ Ալավերդի խոշորացված համայնքների 16 դպրոց, որոնցում ուսումնասիրվել են կոնստրուկտիվ տարրերի վնասվածքները, որոշվել է շենքի ֆիզիկական մաշվածության աստիճանը։ 16 դպրոցից 15-ն ունեն սեյսմազինվածության բարձրացման կարիք, իսկ Թումանյանի միջնակարգ  դպրոցի դեպքում առաջարկվում է փոխել գործառնական նշանակությունը։

  • Դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի ձեւաչափի եւ դրա լրացման ուղեցույցի մշակում

Այսօր Հայաստանում կան հանրակրթական ուսումնական հաստատությունների վերաբերյալ տարբեր բնույթի եւ ձեւաչափի տվյալների բազաներ։ Սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի հիմքում սեյսմիկ անվտանգությունն է, ինչը, մասնագետների պնդմամբ, կբարձրացնի դպրոցական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտությունների արդյունավետությունը, թույլ կտա բացահայտել անբավարար տեխնիկական վիճակում գտնվող դպրոցները եւ իրականացնել ամրացման, վերականգնման ծրագրեր։ Բազայի մի մասը լրացնելու է դպրոցի ղեկավարությունը, մյուսը ծրագրային հաշվարկներ են։ Բազան պետք է հաստատի կառավարությունը։

  • Ամասիա, Բերդ, Թումանյան եւ Ալավերդի խոշորացված համայնքների 52 դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության գնահատման բազայի մշակում

Այս բազան կարող է օրինակ ծառայել բոլոր դպրոցների համար։ Հաշվեի են առնվել հետեւյալ ցուցանիշները՝ դպրոցի ծանրաբեռնվածությունը, տարածքի նկարագիրը, դպրոցական շինությունների նկարագիրը, շինարարական հաշվարկները։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարում հունվարի 7-ին Պուերտո Ռիկոյում գրանցված երկրաշարժից ավերված «Ադրիպինա Սեդա» հանրային դպրոցն է։ Հեղինակ՝ Կառլոս Գուստի