Գլխավոր Վերլուծություն Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

2939
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները փետրվարին իրականացրել են 1404 ելք՝ 206-ով ավելի քան 2018-ի փետրվարին: 647 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 451 դեպք՝ կենցաղային կանչ, 74 դեպք՝ կեղծ ահազանգ,  232՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 504 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Լոռիում՝ 148 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 14 դեպք:

Արտակարգ դեպքերից զոհվել է 25 (այդ թվում՝ 9 կին), տուժել` 797 մարդ (այդ թվում՝ 218 կին եւ 124 երեխա): Փրկարարները 20 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի փետրվարի համեմա­տ զոհվածների քանակն աճել է 3-ով, տուժածներինը՝ 114-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 535 ահազանգ (2018 թվականի փետրվարին՝ 367 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 420 դեպքում (2018 թվականի փետրվարին՝ 269 դեպք): Հրդեհից տուժել է 1 մարդ:

55 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի փետրվարին՝ 54): 48 դեպքում հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 12 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհների 58,6 տոկոսը՝ 246 դեպք, գրանցվել է քաղաքներում, 41,4 տոկոսը՝ 174 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա փետրվարի հա­մեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 51-ով, գյուղական հրդեհների քանակը՝ 100-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 100 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 113 հրդեհ, ամենաքիչը Շիրակը՝ 7 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռու քաղաքները՝ 70 հրդեհ, ամենաքիչը Վայոց ձորի քաղաքները՝ 1 հրդեհ: Գյուղերից ամենաշատ տուժել են Լոռու գյուղերը՝ 43, ամենաքիչը Գեղարքունիքի եւ Շիրակի գյուղերը՝ չորսական: Հրդեհների կեսից ավելին՝ 227 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել առանձնատներ՝ 44 դեպք, աղբ՝ 41, տնակ-ավտոտնակ՝ 19, տրանսպորտային միջոց՝ 19, բնակելի շենք՝ 17, անասնակեր՝ 3 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 313 ՃՏՊ՝ 69-ով ավելի քան 2018-ի փետրվարին: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 167 դեպք բախումներն են, 85 դեպք՝ մարդկանց վրաերթեր, 19 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 42 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

ՃՏՊ-ներից զոհվել է 20, տուժել՝ 43 մարդ: Նախորդ տարվա փետրվարի համեմատ զոհվածների քանակն աճել է 1-ով, տուժածներինը՝ 76-ով:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 319 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 361 մարդ: 2018 թվականի փետրվարի համեմատ թունավորումների քանակն աճել է 28-ով, զոհերի քանակը՝ 1-ով, տուժածներինը՝ 41-ով: Թունավորումների մեծ մասը՝ 226 դեպք գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում՝ 23 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքում եւ Տավուշում՝ մեկական: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 105 դեպք, դեղորայք՝ 92 դեպք, քիմիական նյութեր՝ 46 դեպք, շմոլ գազ՝ 41 դեպք, սննդամթերք՝ 19 դեպք եւ այլն:

Այլ դեպքեր

2019 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 10 փլուզում, 5 քարաթափում, 2 ուժեղ քամի, 2 ձնաբուք, 1 ձնահյուս 1 պայթյուն, 1 գրունտի նստվածք, 1 հողասողանք եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ