Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն փրկարար-2018»․ Կարեն Ավետիսյան

«Լավագույն փրկարար-2018»․ Կարեն Ավետիսյան

3407
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Լավագույն փրկարար» է ճանաչվել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) 18-րդ ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Կարեն Ավետիսյանը։

32-ամյա Կարենը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ է։ Կյանքի այս կարեւոր որոշման հարցում մեծ դեր է խաղացել զինվորական հայրը։ «Փրկարարական գործ» եւ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտություններով բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերն ավարտելուց հետո Կարենը երկու տարի սովորել է Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում։ Ժպիտով վերհիշում է արտերկրում տեսած բոլոր դժվարությունները, հատկապես՝ օտար լեզվով քննությունները։ «Դասագրքերը բարդ են, դասախոսական կազմի մոտեցումներն ուրիշ են։ Այստեղ՝ մեր ակադեմիայում, ցանկացած թեմա ներկայացվում է մատչելի, պատկերավոր։ Տեխնիկական համալրման դեպքում մեր բուհն առաջատարներից մեկը կլինի»,- նշում է փրկարարը։

Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատում անցկացրած տարիները Կարենին ավելի նպատակասլաց եւ համարձակ են դարձրել։ Խմբի պետից ջոկատի հրամանատարի պաշտոնին անցումը հեշտությամբ է տրվել․ զինվորական հորից սովորել է երբեք չխուսափել պատասխանատվությունից։ Ինքնակրթությունը Կարենի համար զարգացման առաջին նախապայմանն է։ Նրա աշխատանքային սեղանին միշտ կարելի է նոր հրատարակված մասնագիտական գրքեր տեսնել։ Անկեղծանում է՝ երբեք չի ամաչում իր ջոկատի այն փրկարարներից, որոնք ֆիզիկապես ավելի ուժեղ են։ Ջոկատն ընտանիք է, որտեղ մի հարկի տակ ապրում են նույն գաղափարին նվիրված մարդիկ։ Յուրաքանչյուրի ձեռքբերումը նաեւ թիմի հաջողությունն է։

Ծառայության 9 տարվա ընթացքում շատ բան է գլխով անցել, սակայն փրկված մարդկանց շնորհակալ աչքերը միշտ նոր լիցք ու ուժ են հաղորդել, ստիպել ձգտել ավելիին։ Կարենի համոզմամբ՝ զգացմունքներն այս աշխատանքում պետք է տեղ չունենան, բայց, ինչ արած, մարդ ես։ Ցանկացած արտակարգ իրավիճակում ամենացավալին գիտակցումն է, որ տուժածի ապրելու շանսերը քիչ են, ինչպես եղավ 2013 թվականին Երեւանի «Էլեկտրոն» գործարանում պայթյունի ժամանակ։

Բազմիցս արտերկյա վերապատրաստումներ անցած հրամանատարը վստահեցնում է՝ ամենուրեք հայերին շատ են սիրում ոչ միայն իրենց հյուրասեր բնավորության, այլեւ գործնական պարապմունքների ժամանակ ցուցաբերած ճկունության եւ հնարամտության համար։ Փրկարարների շրջանում բարի ավանդույթ է դարձել միմյանց փոքր հուշանվերներ տալը, որոնք խնամքով իրենց տեղն են գտնում Կարենի տան մի անկյունում։

Աշխատանքից ազատ ժամանակը փրկարարը 1,5-ամյա դստերն է նվիրում կամ նարդի խաղում պապու հետ։ Պապ ու թոռան՝ խորհրդային ժամանակների մասին զրույցները երբեմն «թունդ» վիճաբանության են հասնում։

Շատերը գիտեն Կարենի խոհարարական հմտությունների մասին․ ձվածեղի ինքնատիպ բաղադրատոմսերն ու մսային ուտեստները միշտ գովասանքի են արժանանում ու հիացմունք առաջացնում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կարեն Ավետիսյանը

«Արիության համաստեղություն-2018» մրցույթի այլ հաղթողի արդեն ներկայացրել ենք. «Լավագույն հրշեջ-փրկարար-2018» Մարատ Միրզոյան