Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են կարուսելի վթարից տուժած կնոջը

Փրկարարներն օգնել են կարուսելի վթարից տուժած կնոջը

783
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Համայնքամերձ բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ հրշեջ-փրկարարներին օգնել են հարակից համայնքների բնակիչները, մոտակայքում տեղակայված զորամասի զինծառայողները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանների, Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք:  13 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր:

Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Դուրյան թաղամասում տեղակայված աղբամանից  երեխայի ձայն է լսվում։ Տեղազննման արդյունքում ոչ ոք  չի հայտնաբերվել։

Օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Վիխր» կարուսելի նստարանը հարվածել է կարուսելի հենարանին, 28-ամյա երիտասարդ կինը երկաթե թիթեղների հետ բախումից ստացել է ձեռքի վնասվածք եւ հոսպիտալացվել «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Փրկարարները տուժածին ցուցաբերել են օգնություն, դեպքի մասին հաղորդել համապատասխան մարմիններին։

Ամբերդ գյուղի սկզբնամասում՝ ջրատարում, հայտնաբերվել է «РПГ-7» տեսակի նռնականետի նռնակ, որի մասին փրկարարները հաղորդել են ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական զորամասի ծառայողներին։ Նռնակը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակչից ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի երկու հարկում գազի հոտ է տարածվել։ Հետախուզության արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսք չկա, պատճառը մուտքի աղբատարի աղբի հոտն է։

Արարատի մարզի փրկարարները Լուսառատ գյուղից  հայտնաբերել են երկաթյա խողովակների արանքում արգելափակված արագիլ եւ տեղափոխել անվտանգ տարածք։

Վիրավոր արագիլ են գտել նաեւ Արմավիրի մարզի փրկարարները եւ տեղափոխել քաղաքի կենդանաբանական այգի։

Տավուշի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ջուխտակ վանքի տարածքում 20-ամյա տղա է մոլորվել։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են 10 հրշեջ-փրկարար եւ ոստիկանության 2 աշխատակից: Տղան հայտնաբերվել է լուսադեմին՝ առանց վնասվածքների։