Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ

891
Տարածել

Համաձայն «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության»

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ մայիսի սկզբից Երևանում մեկնարկել է «Անվտանգության արշավ»՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու աղետների ռիսկի նվազեցմանը: Ծրագիրը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» տրամաբանության մեջ է:

Արշավի ծրագրով կազմակերպվել և կազմակերպվելու է շտաբային, հատուկ տակտիկական 30 ուսումնավարժություն՝ կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում:

Օրինակ, մայիսի 4-ին Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացված «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» ուսումնավարժությանը մասնակցել են ոչ միայն դպրոցականները, ուսուցիչներն ու փրկարարները, այլ նաև բժիշկներ, ոստիկաններ, «Գազպրոմ-Արմենիա», «Հայաստանի էլցանցեր», «Վեոլիաջուր» ընկերությունների ներկայացուցիչներ: Իսկ մայիսի 10-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպված վարժանքի թեման էր՝ «Հակառակորդի կողմից ռմբակոծության դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը»: Այս վարժանքին ներկա էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Ու էլի բացի փրկարարներից մասնակցում էին վերը նշված կառույցների ներկայացուցիչները: Վարժանքից հետո ԱԻ նախարարն ասաց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի` արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» համաձայն, Հայաստանի բոլոր կազմակերպությունները՝ պետական, համայնքային, մասնավոր, պետք է ունենան աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ:

ԱԻՆ մասնագետների օգնությամբ մշակվել է «Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ուղեցույց»: ԱԻՆ-ի հատուկ ուշադրությունն ուսումնական հաստատություններին պատահական չէ: Այստեղ երեխաների և պատանի-պարմանիների մեծ կուտակում կա, և աղետի դեպքում հենց ուսումնական հաստատություններն են դառնում տարհանման կենտրոն-հավաքակայան կամ քաղաքացիական պաշտպանության շտաբ: «Անվտանգության արշավի» վարժանքներում փրկարարները ստուգում են աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների գիտելիքներն ու գործնական կարողությունները, հմտությունները:

«Անվտանգության արշավը» շարունակվում է: