Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ճապոնական մեքենաներն արդեն Հայաստանում են

Ճապոնական մեքենաներն արդեն Հայաստանում են

2879
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (Japan International Cooperation System` JICS) համագործակցության արդյունքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կստանա փրկարարական ժամանակակից գույքով համալրված ճապոնական Նիսսան (Nissan) մակնիշի 10 ավտոմեքենա:

Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգը ստեղծվել է 1989 թվականին եւ դրամաշնորհային եւ տեխնիկական աջակցության ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝աղետների ռիսկի կառավարման եւ այլ ոլորտներում: Դոնորը Ճապոնիայի կառավարությունն է:

Այս մեքենաների տրամադրման վերաբերյալ բանակցությունները սկսվել էին 2014 թվականին: Հայաստանը ներկայացրել է իր կարիքները՝ մեքենայի տեխնիկական բնութագրեր, գույքային համալրվածություն եւ այլն, Ճապոնիան ըստ դրանց՝ ընտրել-կահավորել մեքենաները:

Ծրագրի հայկական կողմի ղեկավար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի խոսքով, մեքենաները կարող են աշխատել Հայաստանի լեռնային շրջաններում: Այս մեքենաներով կարելի է ավելի արագ արձագանքել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ահազանգերին, իսկ առկա փրկարարական գույքի մեջ կան հիդրավլիկ գործիքներ, որոնք մեծապես կթեթեւացնեն վթարված մեքենայում արգելափակված մարդկանց ազատելու, ծանր առարկաներ տեղաշարժելու գործը:

Մեքենաներն արդեն Հայաստանում են: Տեխնիկական խնդիրների լուծումից հետո՝ պետական գրանցում եւ այլն, մեքենաները կհանձնվեն փրկարարներին: Որոշվել է մեկական մեքենա տրամադրել Տավուշի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերին, մնացած վեցը՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին:

Բացի այս 10 մեքենայից, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (Japan International Cooperation Agency` JICA) այս տարի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա, որոնք կհատկացվեն մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ