Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հրշեջ-փրկարար-2018». Մարատ Միրզոյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2018». Մարատ Միրզոյան

2730
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին  «Լավագույն հրշեջ-փրկարար» է ճանաչվել Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյանը։

Ակնաղբյուրցի, 34-ամյա Մարատը ծնվել է հրշեջի ընտանիքում։ Հայրը՝ Սերոժ Միրզոյանը, երկար տարիներ Իջեւանի հրշեջ-մասում է աշխատել։ Նրա անցած ուղին, խորհուրդները ի վերջո փոխեցին մասնագիտությամբ իրավաբան որդու ճակատագիրը։ Արդեն 13 տարի փրկարար ծառայող է։ «Հորս հետ հաճախ ենք խոսում, դեպքերը քննարկում։ Խորհրդային շրջանի հրշեջների մտածելակերպն ուրիշ է, այսօրվա հրշեջ-փրկարարներն ավելի գրագետ են ու զգուշավոր»,- նշում է Մարատը։

Ցանկացած բարդության դեպքի մեկնելիս առաջին օգնության պատասխանատվությունը գրեթե միշտ Մարատին են վստահում, վերապատրաստման դասընթացներն ու քննությունները գերազանց է հանձնում։ Իր ծառայության ամենաբարդ դեպքերից մեկը տարիներ առաջ «Լաստիվեր» հանգստյան գոտուց ստացված ահազանգն էր, երբ հերթափոխի տղաներով անշարժացրել էին ամերիկացի զբոսաշրջիկի կոտրված ոտքն ու 4 կիլոմետր քայլելով՝ պատգարակով նրան շտապօգնության մեքենային հասցրել։ Իսկ բոլորովին վերջերս Մարատն անհատապես մոտեցել եւ օգնություն է ցուցաբերել խոշոր ավտովթարից տուժած 6 քաղաքացու։ Քիչ չեն դեպքերը, երբ փորձառու փրկարարն օգնության է հասել Ենոքավանում իրենց էսքտրեմալ հանգիստը վայելող արշավականերին, որոնք զիփլայնից օգտվելու անվտանգությունը խախտելու պատճառով ձորն են ընկել ու տարբեր վնասվածքներ ստացել։

Մարատը նաեւ հմուտ լեռնափրկարար է, բարձրահարկ շենքերում պարանային աշխատանք կատարելը նրա տարերքն է։ Ընկերների խոսքով՝ երբեմն նույնիսկ ավտոսանդուղքի անհրաժեշտություն չի լինում։

Իջեւանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանը ժպիտով հիշում է՝ Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերի վարժանքին մասնակցող ֆրանսիացի դիտորդները, որոնք բենզինով աշխատող սղոցներ էին նվիրել փրկարարներին, զարմացել էին, թե ինչպես է Մարատն ընկերոջ հետ հաշված րոպեներում ծանր մուրճով քանդում հաստ պատը։ Նրանք կատակով խորհուրդ էին տվել տղաներին այսուհետ չցուցադրել իրենց ուժը, հակառակ դեպքում սղոցների նվիրատվության կարիք այլեւս չի լինի։

Իր տանը հյուրընկալվողին Մարատ Միրզոյանը հյուրասիրում է սեփական այգու թուզն ու խաղողը, պատմում գյուղի երկրաբանական բնության հուշարձանի՝ Վարդան Մամիկոնյանի կաղնու մասին։ Ասում են՝ սպարապետն իր զորքի հետ մի պահ կանգնել է Ակնաղբյուրում եւ հողի տակից հորդող աղբյուրի կողքին կաղնի տնկել, որն այսօր սրբատեղի է։ Գյուղը փոքր է, քիչ հայտնի։ Փրկարարի համոզմամբ՝ բոլորն են պարտավոր իմանալ իր ծննդավայրի պատմությունն ու փոխանցել սերունդներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարատ ՄԻՐԶՈՅԱՆԸ