Գլխավոր Միջոցառումներ Վարժանք. Օգնություն երկրաշարժից տուժածներին

Վարժանք. Օգնություն երկրաշարժից տուժածներին

901
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում փրկարարները տարբեր միջոցառումներ են կազմակերպել եւ կազպակերպում: Միայն Երևանի ավելի քան երկու տասնյակ դպրոցում կազմակերպվել են բաց դասեր, ուսումնական վարժանքներ և այլն։ Մայրաքաղաքի թիվ 77 դպրոցում անցկացվեց «Առաջին բուժօգնության խմբի գործողությունները երկրաշարժի հետևանքով առաջացած փլուզումների ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ըստ սցենարի՝ տագնապի ազդանշանից հետո տարհանվում են դպրոցի առաջին և երկրորդ հարկերում գտնվող աշակերտները, ուսուցչական անձնակազմը։ ՔՊ կազմավորումների հետախուզության արդունքում պարզվում է, որ շենքի ներսում կա երեք տուժած՝ ճակատի, որովայնի և վերջույթների վնասվածքներով։ Դպրոցի հետնամասում անմիջապես ծավալվում է բուժկետ, որտեղ օգնություն է ցուցաբերվում վտանգավոր գոտուց պատգարակով դուրս բերված դպրոցականներին։

Տնօրեն Նառա Պետրոսյանը նկատեց՝ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը, ինչպես նաև դպրոցի տարեկան աշխատանքային պլանով հաստատված վարժանքները տվել են իրենց դրական արդյունքը․ աշակերտները տիրապետում են աղետի ժամանակ գործելու տարրական կանոններին, կարողանում են տարբերակել ազդանշանի տեսակները, հստակ գիտեն տարհանումից առաջ և հետո իրենց գործողությունները։ «Երեխաները շատ են սիրում վարժանքները, մեծ պատրաստակամությամբ և հետաքրքրությամբ են մասնակցում։ Իսկ բարձր դասարանների աշակերտները կամավոր մոտենում են մեզ, ընդգրկվում քաղպաշտպանական խմբերում»,- հավելեց տնօրենը։

Առաջին օգնության 5 հոգանոց խումբը բուժքույր Ասյա Թորոսյանի գլխավորությամբ հագեցած է անհրաժեշտ բոլոր պարագաներով եւ մշտապես բարելավվում է իր տեսական և գործնական գիտելիքները։

Երևանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի ԱԻ և ՔՊ հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արմինե Մարգարյանի խոսքով՝ ուսումնավարժության ժամանակ գրանցված միակ թերությունը մուտքի մոտ առաջացած խցանումն էր՝ նախամուտքի մյուս դռները չօգտագործելու պատճառով։ Մասնագետը նման բացթողումը վերագրեց տարհանվող տարրական դասարանցիների անփորձությանը։

Առաջին օգնության խմբի գործողությունները գնահատվեցին լավ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ