Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

3641
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում  2019 թվականին «Լավագույն հրշեջ-փրկարար» է ճանաչվել ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ էդգար Գրիգորյանը։

29-ամյա էդգարը մասնագիտական ընտրության հարցում չի երկմտել։ Բանակային ծառայության տարիներին մեդալներով աչքի ընկած ինժեներասակրավորը ժամանակին բազմաթիվ աշխատանքի առաջարկներ է ստացել։ Նա նաեւ ծանրամարտում էր հաջողակ։ Սակայն մարդ փրկելը, օգնության ձեռք մեկնելն իր հոգուն ավելի հարազատ էին։ Իսկ սիրելի գործում գնահատված լինելը, Էդգարի խոսքով, ամեն նյութեղեն արժեքից վեր է։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ է, միշտ երանությամբ է հիշում ուսանողական տարիները, թե ինչպես երթուղայինից ուշանալու պատճառով համակուրսեցի չորս տղա Ստեփանավանից Վանաձոր ճամփա էին ընկնում ավտոստոպով եւ ոտքով։ Ակադեմիայում է թողել իր ամենաուրախ եւ անհոգ ժամանակը, ձեռք բերել հուսալի, գաղափարակից ընկերներ։

2012 թվականից Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատում հրշեջ-փրկարար է։ Հեշտ չէ նեղ ճանապարհներով տասնյակ գյուղական տարածքները սպասարկելը։ Հատկապես ամռան տապին գրեթե միշտ տնամերձում կուտակած անասնակերի կամ չոր խոտածածկի մեծ հրդեհներ են լինում։ «Բնակիչների հետ աշխատանքում համակ համբերություն է պետք։ Մարդը, ում տունն այրվում է աչքի առջեւ, քեզ կմեղադրի անգործության եւ ուշանալու մեջ։ Պետք է կարողանալ մտնել նրա դրության մեջ։ Այս աշխատանքն ինձ պես բռնկուն մարդուն շատ է փոխել»,- ժպիտով նշում է Էդգարը։

Էլ ի՞նչ ծառայություն առանց զավեշտի։ Պատմում է՝ մի օր Դսեղ գյուղի տներից մեկում օձ նկատելու վերաբերյալ կանչ էին ստացել։ Տանտերը, երեխաներին գրկած, կանգնել էր անկյունում ու կենդանուն չէր մոտենում։ Պարզվել էր, որ տղամարդը ոչ թե վախենում, այլ հավատում է «տան կենդանու անեծքին»։ Մի կուշտ ծիծաղել էին ու բաժանվել։

Էդգարի խոսքով՝ փրկարարի գործում առաջնայինը գիտելիքն է․ ամեն մեկը պիտի իմանա իր տեղն ու անելիքը։ Այս հարցում օգնում են վերապատրաստումն ու վարժանքները, սակայն կյանքը միշտ անակնկալներ է մատուցում։ Այդպես եղավ նախորդ տարի Լոռու մարզում՝ վառելիքով բեռնված գնացքի հրդեհի ժամանակ, երբ քամու ուղղության փոփոխությունը նոր դժվարություններ բերեց՝ արագ տարհանել բնակիչներին, կանխել ցիստեռների եւ մոտակա լցակայանի պայթյունը։

Վերջույթների ու դեմքի սպիներն Էդգարին ամեն օր հիշեցնում են ծառայակից ընկերոջը՝ Սամվելին, որին կրակի միջից փրկել չհաջողվեց։ Անկեղծանում է՝ նա իրենցից մեկն էր։ Ջոկատում բոլորը մի ընտանիք են, դժվար է հարազատ կորցնելը։

Աշխատանքից ազատ օրերը փրկարարը դուստրերի հետ է անցկացնում։ Մեծի համար հայրը հերոս է։ Այդ մասին գլուխ է գովում թե՛ բակում, թե՛ մանկապարտեզում։

Երիտասարդ փրկարարի համար Հայաստանում մեկ քաղաք կա՝ իր սիրելի Վանաձորը։ Այստեղ մարդիկ բարի են, սրտաբաց։ Միշտ կարելի է զարմանալ վանաձորյան մշակույթով եւ հուշարձաններով, անվերջ նայել քաղաքին, խոսել ու լռել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էդգար Գրիգորյանը

Հ.Գ. «Արիության համաստեղություն-2019» հանրապետական փառատոնի այլ հաղթող.

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Աղասի Ավետիսյան