Գլխավոր Ուսուցողական նյութեր Շոգից պաշտպանվելու խորհուրդներ

Շոգից պաշտպանվելու խորհուրդներ

159
Տարածել

Հանրապետությունում շոգ եղանակը չի նահանջում։ Կիզիչ արեւին երկարատեւ զբոսանքից մարդ կարող է ունենալ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հաճախակի սրտփխոց, գլխապտույտ եւ սրտխառնոց։ Ավելի ծանր դեպքերում կարող են առաջանալ գիտակցության կորուստ եւ ջղաձգումներ։

Այս ամենը կանխարգելելու համար պետք է հնարավորինս ջուր խմել, հիմնականում՝ առավոտյան եւ երեկոյան։ Տապից հովանալու համար կարելի է պաղպաղակ, ջրալի միրգ ու բանջարեղեն ուտել՝ լոլիկ, ձմերուկ, վարունգ եւ այլն։ Տոթ օրերին պարզապես ջուր խմելը բավարար չէ, արդյունավետ է կալցիումով եւ մագնեզիումով հագեցած հանքային ջուր օգտագործելը՝ քրտնարտադրության միջոցով կորցրած աղերը վերականգնելու համար։

Պետք է հրաժարվել գազավորված ըմպելիքներից։ Տոթի պատճառած տհաճ զգացողությունը դրանք չեն վերացնում, փոխարենն ազդում են երիկամների ու լյարդի գործունեության վրա։

Խորհուրդ չի տրվում քնից առաջ  դժվարամարս սնունդ օգտագործելը, ինչի պատճառով մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում է ուժեղ քրտնարտադրություն։  Ուտելուց հետո գրեթե 30 րոպե խուսափե՛ք  ջուր խմելուց, իսկ հետո ըմպե՛ք կում-կում։ Տաք ուտեստները կարելի է փոխարինել, օրինակ, մածնաբրդոշով, բանջարեղենային սառն ապուրներով եւ այլն։

Չափազանց տաք եղանակին սառը ջուր մտնել խորհուրդ չի տրվում։ Կարող է սրտի անոթների կծկում առաջանալ։ Մինչեւ ջրավազանը ցատկելը կանգնե՛ք հով տարածքում, խուսափե՛ք սառցե ցնցուղից, քանի որ սառը ջրից անոթները նեղանում են, ապա կրկնակի լայնանում։ Լավագույն տարբերակը տաք ցնցուղն է, դրանից հետո դրսի ջերմաստիճանը ավելի ցածր կթվա, քան կա իրականում։

Խուսափե՛ք 12-16 ժամ դրսում մնալուց, իսկ եթե լողափում եք, անպայման գլխարկ կրե՛ք, պատսպարվե՛ք ծածկի տակ։ Միշտ ունեցե՛ք հանքային ջուր պայուսակում։

Շոգ եղանակին առաջին իսկ հնարավորության դեպքում հանե՛ք կոշիկներն ու ոտաբոբիկ քայլե՛ք։ Դա լավացնում է արյան շրջանառությունը եւ բարձրացնում օրգանիզմի ընդհանուր տոնուսը։

Ակտիվ սպորտով զբաղվել չի կարելի։ Դրանով Դուք կարող եք հինգ անգամ մեծացնել օրգանիզմի ջերմաշրջանառությունը եւ հանգեցնել ջրազրկման։

Մի՛ կրեք սինթետիկ եւ կիպ հագուստ, օգտագործե՛ք բամբակե իրեր։

Ի վերջո, անտանելի շոգն ամենաակնհայտ պատճառն է՝ սպիրտային խմիչքներին եւ ծխելուն վերջ տալու համար, քանի որ դրանք կրկնակի ինտենսիվությամբ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի գործունեության վրա։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ