Գլխավոր Միջոցառումներ Քաղպաշտպանության վարժանքներ ուսումնական հաստատություններում

Քաղպաշտպանության վարժանքներ ուսումնական հաստատություններում

577
Տարածել

Մայրաքաղաքի և մարզերի տարբեր հաստատություններում շարունակվում են քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները։

Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզում մարտի 1-ին անցկացվեց «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Վեդու ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանի խոսքով՝ 107 հոգի կազմակերպված լքել է շենքը, ուսուցչական կոլեկտիվը հստակ աշխատել է երեխաների հետ։ Ազդարարման համակարգ է ծառայել հրշեջ-մեքենայի ձայնային ազդանշանը, երեխաների հնարավոր խուճապը կանխելու համար փրկարարները փոքր-ինչ ստել են՝ ասելով, որ դպրոցի մասին ֆիլմ են նկարում։ Հեռուստացույցով երևալու հեռանկարից մանկապարտեզի սաները ոգևորվել են, զրույցի բռնվել համազգեստով անծանոթների հետ, հարցուփորձ անել նրանց գործունեությունից։

Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 13 և Սալվարդ գյուղի հիմնական դպրոցներում անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Կապանի դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը գոհունակություն հայտնեց հատկապես քաղաքացիական պաշտպանության խմբերի աշխատանքից։ Առաջին օգնության խումբն օպերատիվ կատարել էր իր առջև դրված հանձնարարությունը, սպասարկել երկու պայմանական տուժածի։ «Դպրոցում պարբերաբար տեսական և գործնական պարապմունքներ են լինում, ինչը տվել է իր դրական արդյունքը։ Երեխաները սերտել են արտակարգ իրավիճակներում, մասնավորապես՝ երկրաշարժի և հրդեհի ժամանակ գործելու վարքականոնը»,- հպարտացավ Զավեն Ստեփանյանը։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցչական կազմի տարհանման գործողությունները Աշտարակի ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանը գնահատեց լավ։ Միայն ուսուցիչներից մեկը մոռացել էր վերցնել հաշվառման համար անհրաժեշտ դասամատյանը։ Փրկարարը նման բացթողումը վերագրեց աշակերտների նկատմամբ չափազանց հոգատարությանն ու ուշադրությանը, դպրոցի բոլոր ուսուցիչները երեխաների անվտանգության հարցին լրջորեն են մոտենում։

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման և տարհանման միջոցառումներ են անցկացվել նաև Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ , Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 3 հիմնական, Վանաձորի թիվ 8 հիմնական, Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 և Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցներում։ Իսկ Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի սաները գործնական պարապմունք-վարժանքով համալրել եւ ամրապնդել են  իրենց տեսական գիտելիքները հավանական հրդեհի դեպքում տարհանման մասին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ