Գլխավոր Միջոցառումներ Վարժանք. Երևանում ռումբ է պայթել (լուսանկարներ)

Վարժանք. Երևանում ռումբ է պայթել (լուսանկարներ)

1425
Տարածել

Մարտի 1-ին Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Մասնակցում էին Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, թիվ 1, 3, 8, 11 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները, ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներաքիմիական և սակրավորական խումբը, Բնակչության պաշտպանության և աղետների վերացման կազմակերպման վարչության  ճառագայթաքիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի և «Աղետների բժշկության կենտրոնի» պարամեդիկների խմբերը, 1 կինոլոգ,  1 ավտոսանդուղք, համալսարանի ՔՊ կազմավորումները, շտապօգնության և այլ ծառայությունների աշխատակիցներ, թվով՝ 227 մասնակից եւ 21 միավոր տեխնիկա:

Ըստ պլանի՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափերի զենքերից ռմբակոծում է սահմանամերձ համայնքները՝ սահմանին կուտակելով հրթիռային համակարգեր։ Հնարավոր է հարձակում Երևանի վրա։ Ուսումնավարժությունն իրականացվում է երկու ուսումնական տեղամասում․ ռմբակոծությունից վնասվել է բուհի հինգերորդ մասնաշենքը, կան փլուզումներ,  վթարվել է կոմունալ էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ։ «Օդային տագնապ» ազդանշանից հետո շենքի ներսում գտնվող ուսանողներն ու դասախոսական կազմը պատսպարվում են նկուղում, ապա տարհանվում անվտանգ վայր։ Շենքին հարակից տարածքում ծավալվում է բուժկետ։

Փրկարարները կատարում են հետախուզություն, ճառագայթաքիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի խումբն  իրականացում է մոնիթորինգ, իսկ «Երևան Գազ», «ՀԷՑ» և «Երևան ջուր» ընկերությունների ներկայացուցիչները՝ վթարավերականգնողական աշխատանքներ։ Կինոլոգը շան օգնությամբ հայտնաբերում է փլուզված հատվածում արգելափակված տուժածին։

Ստացվում է տեղեկություն տարբեր վնասվածքներ ստացած 14 տուժածի մասին։ Բոլորը բարեհաջող տարհանվում են, ստանում առաջին օգնություն, տեղափոխվում քաղաքային հիվանդանոցներ։

Երկրորդ ուսումնական տեղամասում շենքի պատի փլուզումից մեքենա է վնասվել, տուժել են երկու քաղաքացի։ Հայտնաբերվել է չպայթած տումբ։  Հիդրավլիկ գործիքների օգնությամբ հեռացվում է մեքենայի գլխամասը, փրկարարները տուժածներն անշարժացնում են և պատգարակներով հանձնում բժիշկներին։ Ինժեներասակրավորական խումբը վնասազերծում և անվտանգ վայր է տեղափոխում ռումբը։

Համալսարանի աշխատակից, բժշկուհի Նունե Սահակյանի խոսքով՝ առաջին օգնության խմբում ընդգրկված ուսանողները ջանք չէին խնայում պայմանական տուժածներին սպասարկելու համար։ Ուսանողուհի Անի Սիմոնյանը հավելեց՝ բազմիցս ականատես է եղել արտակարգ իրավիճակների, եղել է՝ ինքն է հայտնվել անելանելի վիճակում։ Սակայն ստացված գիտելիքն ու բժշկուհու մասնագիտական խորհուրդներն օգնել են հաղթահարել խուճապը։

Սոնա Գրիգորյանն այն եզակիներից էր, որը չվախեցավ պարանների օգնությամբ տարհանվել մասնաշենքի 6-րդ հարկից։ «Բարձրությունից չեմ վախենում, սակայն մի պահ անհանգստացա, երբ ոտքս օդում հայտնվեց։ Ինքս էքստրիմի սիրահար եմ, սպորտի միջոցով հաղթահարում եմ վախերս։ Այսուհետ որոշել եմ փրկարարական և բուժօգնության խմբերին անդամակցել»,- ասաց Սոնան։

Ուսումնավարժությունը գնահատվեց լավ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ